Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրներ» թեմայով ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ:
Օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այսօր hայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած են լրջագույն սպառնալիքների առջև: Թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիան օրակարգ է բերել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման խնդիրը, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի և կառավարող վարչախմբի առանձին ներկայացուցիչների հայտարարությունները հակասում են հայ ժողովրդի կենսական շահերին և կարող են անկառավարելիորեն սպառնալ մեր ժողովրդի ֆիզիկական գոյությանը:
Խնդրի հրատապությամբ, ինչպես նաև Ազգային ժողովի՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն իշխանության հանգամանքով պայմանավորված՝ «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ շրջանառության մեջ դնելով սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող Ազգային ժողովի հայտարարության նախագիծ: