կարևոր
235 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-24 22:36

Վիրավոր զինծառայողներին տրամադրել են անվճար պրոթեզներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հատուկ նյութերից լազերային եղանակով այստեղ ստանում են վերջին սերնդի իմպլանտներ: Փակ միջավայրում մետաղական փոշին լցնում, համակարգչային ծրագրով տալիս են հրամանները եւ սարքը սկսում է պատրաստել նախատեսված արտադրանքը:

Կազմակերպությունը սկզբում նախատեսված է եղել տիեզերական ընկերությունների համար դետալներ ու նախատիպեր ստեղծելու նպատակով, սակայն պատերազմող երկրում ապրելը պարտավորեցնող նախապայման է եղել աշխատանքը երկրին ծառայեցնելու հարցում:

Այս սարքն, օրինակ, թույլ է տալիս իմպլանտը տպել 0.1մմ ճշգրտւթյամբ: Բժշկի հաստատելուց հետո նախնական պատկերի հիման վրա հատուկ մետաղից պատրաստվում է իսկական իմպլանտը:

Գլխի իմպլանտները, թեեւ Հայաստանում նորություն են համարվում, սակայն, միջազգային բժշկության մեջ արդեն մի քանի տարի է ինչ օգտագործվում են: Փոխարենը մեր երկրում կատարվել է միջազգային բարձր կարգի վիրահատություն, որն ամբողջ աշխարհում նորություն է համարվում: Զինծառայողի ոտքը պատերազմի հետեւանքով էր վնասվել, քայլելու հույս չկար, պետք է ամպուտացնեին, սակայն այն ինչ տեղի ունեցավ, գուցե շատերը հրաշք են համարում, բայց բժշկական լեզվով դա իմպլանտավորում է:

Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում հնարավոր է գտնել նորարար լուծումներ, օգնել վիրավորներին՝ վերադարձնելով լիարժեք կյանքի, սակայն կան դեպքեր, երբ իմպլանատավորումն էլ իր հերթին պացիենտի համար այլ բարդություններ է առաջացնում: Բայց լաբորատորիայում այս խնդրի լուծումն էլ են գտել. առաջիկայում պատրաստվում են աշխատել նոր տեխնոլոգիայով, որը թույլ կտա պատրաստել իմպլանտներ պլաստիկ մոդելից, որոնք ունեն ոսկորի ջերմահաղորդականությանը մոտ ջերմահաղորդականություն, ավելի թեթեւ են ու պրակտիկ, սակայն դրանք էլ մարմնի ամեն հատվածում հնարավոր չի տեղադրել, քանի որ մեծ ամրություն չունեն ու ծանրությանը չեն կարող դիմակայել:

Իմպլանտների պատրաստման այս կենտրոնը վիրավոր զինծառայողներին իմպլանտներ անվճար է տրամադրում: Թիմը, որտեղ ընդգրկված են տարբեր մասնագետներ, կարեւորում են վիրավոր զինծառայողների բուժումը ոչ թե արտասահմանում, այլ Հայաստանում՝ միաժամանակ խթանելով բժշկական տուրիզմի զարգացմանը: Հայկական իմպլանտներով արդեն 2 արտասահմանցի է վիրահատվել:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում: