Թուրքերի համբերության բաժակը լցվել է: Թուրքական ազգային արժույթի՝ լիրայի պատմական անկումը, դրա հետեւանքով հնարավոր նոր գնաճի վախը ստիպել է թուրքերին գիշերով փողոց դուրս գալ: Անկարայում, Ստամբուլում պահանջել են նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ նրա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հրաժարականը:
Իրավապահներն անմիջապես փակել են ցույցերի թատերաբեմ հանդիսացող Ստամբուլի Թաքսիմ հրապարակը: Ցուցարարներն էլ, որոնց շարքերում հիմնականում երիտասարդներ էին, «Էրդողա՛ն, հեռացիր» վանկարկումներով անցել են բնակելի թաղամասերով՝ ավելի շատ մարդ ներգրավելու համար: Միջամտել են ոստիկանները: Եղել են նաեւ բախումներ, որի հետևանքով կան բերման ենթարկվածներ:
Սրանից մի քանի ժամ առաջ հայտնի էր դարձել թուրքական արժույթի ռեկորդային անկման մասին: Լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել էր 15 տոկոսով՝ դառնալով աշխարհում ամենից շատ արժեզրկված դրամական միավորը: Նոյեմբերի 23-ի երեկոյան 1 դոլարի դիմաց պետք է վճարվեր ավելի քան 13 լիրա: Լիրան օր օրի արժեզրկվում էր արդեն 11 օր շարունակ: Ընդդիմադիրները մեղադրում են իշխանությանը՝ տնտեսական քաղաքականությունը տապալելու համար, պահանջում անհապաղ ընտրություններ: Էրդողանը համաձայն չէ, հայտարարել է՝ արտահերթ ընտրություններ չեն լինի, ստեղծված իրավիճակի համար մեղադրել է ինչ-որ ուժերի ու վստահություն հայտնել, թե կհաղթի, իր իսկ բառերով՝ «տնտեսության ազատագրման պատերազմում»:
Էրդողանի աջակցությունը հիմա միայն վիրտուալ է՝ թվիթերյան գրառումների միջոցով: Թեեւ որոշ օգտատերեր այս աջակցությունն էլ վերագրում են իշխանական ֆեյքերի բանակին, իսկ իրական կյանքում՝ շուկայում, առեւտուր անող ժողովուրդը դժգոհ է: Խանութներում էլ այս պատկերն է. թանկացումների ու մատակարարման խնդիրների պատճառով ձեթը, շաքարավազն ու սուրճ վաճառքի սահմանափակումների են ենթարկվել: Մեկ հաճախորդին, օրինակ, հասնում է միայն մեկ շիշ ձեթ:
Լիրայի անկման ֆոնին ամերիկյան «Apple» ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր արտադրանքի օնլայն վաճառքը Թուրքիայում:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում: