կարևոր
1417 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-24 21:54

Միրզոյանն ու Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը

Միրզոյանն ու Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:

«ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա հավելել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին։

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։

Երկու երկրի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի բազմոլորտ համագործակցության մի շարք հարցերի՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ: Կարևորվել է բարձր մակարդակում փոխայցելությունների իրականացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում կապերի ընդլայնման շուրջ։ 

Կարևորվել է նաև «Պարսից ծոց - Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրի ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքների իրականացումը»։