կարևոր
754 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-24 21:22

Դավիթ Սանասարյանն էլ է գաղտնալսվում

Դավիթ Սանասարյանն էլ է գաղտնալսվում

Երեկ գիշեր ժամը 2-ին Apple-ի threat-notifications մեյլով ստացա հաղորդագրություն այն մասին, որ հարձակում են իրականացնում հեռախոսիս վրա։ Այս մասին հայտնում է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը:

«Հիմա հարց. պարո՛ն Փաշինյան, ուրիշ գործ չունի՞ անելու ԱԱԾ-ն։

Միգուցե մտածեք, թե այս խայտառակ վիճակից ո՞նց ենք դուրս գալիս, անվտանգային միջավայրն ինչպե՞ս ենք կարգի բերում, 5-րդ շարասյան կողմից եկող հնարավոր վտանգներն ինչպե՞ս եք կանխարգելում։

Եթե հեռախոսիս մեջ կոնկրետ հետաքրքրող ինֆորմացիա կա, ուղիղ ասեք, խոստանում եմ տրամադրել, թե չէ՝ բան ու գործ թողած թիթեռ նկարելն ԱԱԾ-ի գործը չէ։

Հ.Գ. Զավեշտալի է, որ ԱԱԾ նախկին սպաների միությունը դատապարտում է մարդու իրավունքները ոտնահարող գաղտնալսման փորձերը, ինչպես կասեր ձեր իմաստուն կոլեգան՝ իյա, իրո՞ք»։

Նման նամակի մասին այսօր հայտարարեց նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հավելենք, որ այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը գրավոր հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին՝ ճշտելու մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ ՀՀ քաղաքացիները ենթարկվում են Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսման:

Հիշեցնենք, որ այսօր մի քանի հայաստանցի Apple-ից նախազգուշացնող նամակ են ստացել, որ իրենց գաղտնալսում են։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Apple-ը դատի է տվել իսրայելական ընկերությանը՝ Pegasus ծրագրով գաղտնալսում իրականացնելու համար: