Կոտայքի մարզի Նաիրի խոշորացվող համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցող ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է համայնքապետի իր թեկնածուին՝ Վաղարշակ Ամիրխանյանին։ Նա 2021թ․ մայիսի 15-ից զբաղեցնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
AntiFake.am-ը ականատես եղավ ՔՊ-ական թեկնածուի նախընտրական քարոզարշավի զավեշտալի մի դրվագի։ Նաիրի Ամիրխանյանի քարոզչական պաստառը՝ «ԱՊԱԳԱ ԿԱ՛» գրությամբ, փակցված է Զովունու սգո սրահներից մեկի պարսպի վրա։ Տեսարանի զավեշտը կայանում է նրանում, որ կողք կողքի գտնվում են մի շարք սգո սրահներ, տարածքում գործում են սգո պարագաների, կատաֆալկաների, դագաղների և թաղման ծեսի հետ կապված այլ ծառայություններ։
Սգո սրահները մշտապես զբաղեցված են, տարածքում մշտապես թաղման ծաղկեպսակներ են ու սգավորներ։ Եվ այս ամենի ֆոնին փակցված է մի պաստառ, որի վրա մեծ տառերով գրված է՝ «ԱՊԱԳԱ ԿԱ՛»։ Սգավորներին «ԱՊԱԳԱ ԿԱ՛» գրությամբ «ողջունում», իսկ հանգուցյալներին «վերջին հրաժեշտն է տալիս» այն կուսակցության թեկնածուն, որը աղետ բերեց հայկական պետությանը՝ 44-օրյա պատերազմ, շուրջ 5000 զոհված զինծառայող, հարյուրավոր գերիներ, անհայտ թվով անհետ կորածներ, Արցախ պետության հանձնում, տասնյակ հազարավոր հայերի հայրենազրկում ու տեղահանում, Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիա թշնամու կողմից, շարունակվող պատերազմ ու զոհեր։
Թեպետ նկարագրվածը ոչ այնքան զավեշտ է, որքան դառը նախախնամություն. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ապագան ՔՊ-ական թեկնածուին վստահելու վերջը չավարտվող սուգ է։