Apple-ից երեկվանից արդեն նախազգուշական նամակներ են գալիս հայաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչներին եւ լրագրողներին, որ իրենց հեռախոսներում Pegasus ծրագիր է տեղադրված։ Այս մասին գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Իսրայելական այս լրտեսական ծրագրով հնարավոր է քողարկված ձեւով հասանելիություն ստանալ հեռախոսի նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացվել տեսախցիկը և խոսափողը։ Ի դեպ, այս ծրագիրն օգտագործվում է նաեւ Ալիեւի կողմից։
Հիմա, ըստ մամուլի հրապարակումների, 7 մլն դոլարով այն ձեռք է բերել անգամ սեփական շողքից հուշտ լինող Նիկոլ Փաշինյանը։ Ժողովրդավարության բաստիոնում, «ըստ օդում կախված լուրերի», «ժողվարչապետը» անգամ սեփական թիմակիցների հեռախոսներն է հսկում (երեկ, ի դեպ, telegram-ում ՔՊ-ականների մեծ հոսք նկատվեց, այդ թվում Անդրանիկ Քոչարյանը)։
Լավ, թիմակիցներիդ հասկացանք, ընդդիմադիրներին էլ՝ մի կերպ, զոհված տղերքի շուրջ 10 000 ծնողին ինչպե՞ս ես հսկելու, Pegasus-ն է, որ պե՞տք է վախեցնի, ախր վախդ իրենք են, չէ՞»:
Ընդդիմադիր պատգամավորներից այս թեմային անդրադարձել են նաև «Հայաստան» խմբակցությունից՝ պատգամավորներ՝ Գեղամ Մանուկյանը, Էլինար Վարդանյանը: Նման նամակի մասին քիչ առաջ հայտարարեց նաև «ԱԺ պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ այսօր մի քանի հայաստանցի Apple-ից նախազգուշացնող նամակ են ստացել, որ իրենց գաղտնալսում են։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Apple-ը դատի է տվել իսրայելական ընկերությանը՝ Pegasus ծրագրով գաղտնալսում իրականացնելու համար: