կարևոր
1915 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-24 15:33

Apple-ը դատի է տվել իսրայելական ընկերությանը՝ Pegasus ծրագրով գաղտնալսում իրականացնելու համար

Apple-ը դատի է տվել իսրայելական ընկերությանը՝ Pegasus ծրագրով գաղտնալսում իրականացնելու համար

Apple կորպորացիան երեքշաբթի հայտնել է, որ հայց է ներկայացրել իսրայելական NSO Group ընկերության և դրա մայր ընկերության՝ OSY Technologies-ի դեմ` Apple-ի օգտատերերին Pegasus լրտեսող ծրագրերով ենթադրյալ հսկողության և թիրախավորման համար:

IPhone արտադրողը հայտարարել է, որ նաև փորձում է արգելել NSO Group-ին օգտագործել Apple-ի ցանկացած ծրագրակազմ, ծառայություններ կամ սարքեր՝ հետագա չարաշահումները կանխելու համար: Հայցը ներկայացվել է պետպատվերով ստեղծված լրտեսող ծրագրերի տարածումը դադարեցնելու նպատակով։ Տեխնոլոգիական հսկան նաև պարզաբանել է, որ գործի փաստաթղթերը նոր տեղեկություններ են տալիս այն մասին, թե ինչպես է NSO Group-ը սարքերը վարակել Pegasus լրտեսող ծրագրերով։

Apple-ը խնդրում է դատարանին՝ արգելել NSO Group-ին՝ կիրառել Apple-ի ծրագրերը, ծառայությունները և սարքերը: Բացի դրանից՝ ընկերությունը փոխհատուցում է պահանջում ԱՄՆ դաշնային և նահանգային օրենքների խախտման համար:

«NSO Group-ի նման կազմակերպությունները, որոնք հովանավորվում են պետության կողմից, միլիոնավոր դոլարներ են ներդնում բարդ լրտեսական տեխնոլոգիաների զարգացման համար՝ ըստ էության պատասխանատվության չկրելով իրենց գործունեության համար: Այս պրակտիկան պետք է փոխվի», - ասում է Քրեյգ Ֆեդերիգին՝ Apple-ի ծրագրային ապահովման մշակման ավագ փոխնախագահը:

NSO-ի Pegasus ծրագրաշարը կարող է վարակել ինչպես iPhone-ները, այնպես էլ Android սարքերը՝ թույլ տալով օպերատորներին հանել հաղորդագրություններ, լուսանկարներ և նամակներ, ձայնագրել զանգերը և գաղտնի ակտիվացնել խոսափողներն ու տեսախցիկները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված: Նրանցից մեկը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է, որը հրապարակել է Apple-ից ստացված նախազգուշական նամակը: