կարևոր
595 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-24 13:34

Եթե Խաչատուր Սուքիասյանն ընդունի, որ կեղծել է, կհրաժարվեն հայցից. փաստաբան

Եթե Խաչատուր Սուքիասյանն ընդունի, որ կեղծել է, կհրաժարվեն հայցից. փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, այսօր մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը:

Սարգսյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը նշեց, որ եթե պատասխանող կողմը հայտարարի, որ Սուքիասյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, կեղծ են, ապա հայցվոր կողմը կարող է հրաժարվել հայցից: ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը մերժեց այս առաջարկը։ 

Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը ներկայացրեց պահանջը՝ պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին ԱԺ ամբիոնից ուղիղ եթերում բանավոր հերքել իր կողմից արված հայտարարությունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել հերքման տեքստը տարածել առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ ամբողջ տարածքում սփռում ունեցող լրատվամիջոցով։ Բացի այդ, հայցվոր կողմը պահանջում է Սուքիասյանից 1 մլն ՀՀ դրամ բռնագանձել որպես վնասի փոխհատուցում, որը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կամ Սուքիասյանը գումարն ինքնուրույն փոխանցի հիմնադրամին։

ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչ Մերի Մոսինյանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով, որ ԱԺ-ին հեռացնեն պատասխանողներից, քանի որ ԱԺ֊ն չի կարող այս դեպքում որպես պատշաճ պատասխանող լինել։ Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանը միացավ միջնորդությանը։ Հայցվոր կողմն առարկեց միջնորդությանը։ Դատարանը մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը միջնորդեց հետաձգել այսօրվա նիստը, քանի որ Երևանի պետական համալսարանում դասախոսություն ունի: Դատական հաջորդ նիստը կկայանա 2022 թվականի հունվարի 17-ին` ժամը 11:30-ին:

Հիշեցնենք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանները հայց էին ներկայացրել ընդդեմ ՔՊ կուսակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի։ Դիմումը մուտքագրվել է դատարան Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով: