Ազատագրական շարժման նախաձեռնող անդամներից Արա Զոհրաբյանը գրում է, որ պետք է ապօրինի քրեական հետապնդման փորձը կանխվի:
«Մետրոյի Երիտասարդական կայարանի խաղաղ բողոքի ակցիայի ավարտից հետո՝ մեր 2 գործընկերոջ բերման են ենթարկել, որոնցից Վահագն Չախալյանի նկատմամբ ցանկանում են քրեական հետապնդում իրականացնել:
ՀՀ ոստիկանություն և ՀՀ գլխավոր Դատախազություն, հիշեցնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի մեջ որևէ հանցակազմ չի կարող լինել, նույնիսկ՝ ինքնիրավչության: Ավելին, «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված հավաքների անցկացման համար արգելված վայրերի ցանկում՝ մետրոյի կայարանները նշված չեն:
Հիշեցնում եմ նաև, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ժամանակին այս բողոքի ակցիան իրականացրել ու քրեական հետապնդման չի ենթարկվել:
Իսկ եթե կորոշեք շինծու քրեական գործ հարուցել, ապա տեղեկացնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը ես եմ»:
Այսօր որոշ ժամանակով կաթվածահար էր եղել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։ Խաղաղ բողոքի ակցիա էր մետրոյի Երիտասարդական կայարանում: Մուտքի մոտ ոստիկաններն ուժի կիրառմամբ, առանց ներկայանալու բերման են ենթարկել Ազատագրական շարժման մասնակիցներին։