370 դիտում, 4 օր առաջ - 2021-11-24 11:46

Դուք կրում եք պատասխանատվության ձեր բաժինը հետագայի համար. Վիգեն Սոսիկյանը բաց նամակ է հղել գլխավոր հյուպատոսին

Դուք կրում եք պատասխանատվության ձեր բաժինը հետագայի համար. Վիգեն Սոսիկյանը բաց նամակ է հղել գլխավոր հյուպատոսին

ԱՄՆ-ում բնակվող սփյուռքահայ հասարակական քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ Վիգեն Սոսիկյանը բաց նամակ է հղել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանին:

 Ստորև ներկայացնում ենք այն։

«Հարգելի՛ պարոն Բայբուրդյան,

Հուսով եմ, որ այս նամակը կհասնի Ձեզ: Ես Ձեզ դիմում եմ նախ՝ որպես Հայաստանի արտաքին գործերի ներկայացուցիչ Լոս Անջելեսում, և երկրորդ՝ որպես հայ անհատի։ Այն նախարարությունը, որը Դուք ներկայացնում եք այստեղ, այնպես, ինչպես Փաշինյանի կառավարության մնացած նախարարությունները, գործում են Նիկոլ Փաշինյանի՝ հաճախ թերի, անմիջական ղեկավարությամբ։ Եթե նախարարների բազմաթիվ հրաժարականները բավարար չեն այս փաստը վկայելու համար, ապա միգուցե բավարար են այն բազմաթիվ առիթները, երբ նա օգտագործել է «ես հանձնարարել եմ» տերմինը՝ խոսելով ձեր վերադաս պարոն Արարատ Միրզոյանին տված հրահանգների մասին։

Այս փաստը կարող է խնդիր չներկայացնել, եթե դիտարկվի այլ հարթակում: Բայց իրականում, անշուշտ, չափազանց մտահոգիչ է, երբ.

1) 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Փաշինյանի կողմից գաղտնի ստորագրված եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացվել է՝ Փաշինյանի կառավարության և Ձեր ներկայացրած նախարարության կողմից, իսկ 1, 6, 8 և 9 կետերը շարունակում են խախտվել ադրբեջանական կողմից։

2) Արտաքին գործերի նախարարության և Ձեր առաքելության առաջնային մանդատը մեր Հանրապետության շահերի պաշտպանությունն է, սակայն կառավարությունը, որի մաս եք կազմում անուղղակիորեն, Ադրբեջանին է հանձնել հայկական մի քանի տարածքներ և վերահսկողություն՝ միջազգային ճանապարհների առանցքային հատվածների վրա, նույնիսկ, նախքան սահմանազատման պաշտոնական քննարկումները:

3) Սահմանների սահմանազատման թեմայով ձեր կառավարությունը պնդում է, խորհրդային քարտեզներն օգտագործել, որպես բանակցությունների հիմք, միեւնույն ժամանակ բավականին ծիծաղելի կերպով մեջբերում է Ազգային ժողովի վարչական սահմանների մասին օրենսդրությունները` արդարացնելու այս անհեթեթ մոտեցումը:

4) Սահմանադրության 205-րդ հոդվածի ուղղակի խախտմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ սահմանագծման և սահմանազատման համաձայնագրերի արդյունքում տարածքային ճշգրտումների իրականացման համար չի կարծում, որ հանրաքվե անհրաժեշտ է։

5) Ձեր վերադասը` Արարատ Միրզոյանը, շարունակում է հայտարարել, որ «դրական ազդանշաններ» է տեսնում բռնապետ Էրդողանի կողմից և պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել այն ազգի հետ, որը կրում է Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը։

Ես, անշուշտ, կարող եմ շարունակել այս ցուցակը՝ թվարկելով փաստ առ փաստ, որը ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ դավաճանությունները և ձախողումները, բայց կնախընտրեմ առայժմ կանգ առնել այստեղ։

Դեսպան Բայբուրդյան, ի՞նչ եք կարծում, վերոհիշյալ կետերը բխո՞ւմ են մեր Հանրապետության լավագույն շահերից (շահերը, որոնք Դուք պարտավորված եք պաշտպանել): Եթե այո, ապա համապատասխանաբար մատնանշեք: Եթե ոչ, ապա ամեն օրը, որ դուք մնում եք մեր պետականությունը քայքայող ԱԳ նախարարության ներկայացուցիչը այստեղ, կրում եք պատասխանատվության ձեր բաժինը հետագայի համար։

Այժմ, որպես հայ անհատ, դեսպան Բայբուրդյան, խնդրում եմ, մի փոքր լույս սփռեք, արդյոք ներկայիս կառավարության գործողությունները բխում են Հայաստանի շահերից: Դուք ամենևին էլ վիրավորվա՞ծ չեք՝ մասնիկ լինելով այն արհավիրքին, որը Փաշինյանի կառավարությունը շարունակում է հասցնել մեր ազգի գլխին։ Կա՞ զղջում, կա՞ անձնական պատիվ։ Եթե՝ այո, ապա Դուք անձնական պարտավորություն ունեք ոչ միայն լքել ԱԳՆ ներկայացուցիչի ձեր պաշտոնը, այլ նաև պարտավորություն՝ միանալու մեր համայնքի այն տասնյակ հազարավորներին, ովքեր կոչ են անում Նիկոլ Փաշինյանին հեռանալ իր պաշտոնից։

Եթե ոչ, ապա դուք կարող եք ակնկալել, որ Ձեզ համապատասխանաբար կհիշեն մեր Հայրենիքի պատմության այս գլխի՝ ոչ հեռու պատմության մեջ, քանի որ Նիկոլ Փաշինյանը, վաղ թե ուշ, Ձեզ լքելու է այնպես, ինչպես նա լքեց առաջնագծում մեր տղաներին։ Սպասում եմ ձեր արձագանքին։