կարևոր
172 դիտում, 3 օր առաջ - 2021-11-23 21:12

Եռակողմ հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպում, ի վերջո, կայանալու է: Օրն ու տեղն էլ արդեն հստակ է, ամրագրված է՝ նոյեմբերի 26-ին՝ Սոչիում: Տեղեկությունը հայտնում է պաշտոնական Կրեմլը ու ընդգծում, որ այս հանդիպումը նախաձեռնել է Վլադիմիր Պուտինը:

Նախատեսվում է քննարկել 2020-ի նոյեմբերի 9-ին եւ 2021-ի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նաեւ նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ խաղաղ կյանքի հաստատման համար: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առեւտրատնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը: Նախատեսվում են նաեւ Ռուսաստանի նախագահի առանաձնազրույցներ Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ: 

Եռակողմ հանդիպման մասին խոսակցությունները սկսվել էին դեռ մեկ ամիս առաջ: Նախ լրատվամիջոցների մակարդակով եւ շրջանառվում էր նոյեմբերի 9-ը ամսաթիվը՝ հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրման առաջին տարելիցի օրը: Նոյեմբերի 7-ին Պուտինի խոսնակը հայտարարեց, թե Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպում նախապատրաստվում է առաջիկա օրերին՝ հեռավար՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով: Նույն օրը՝ մի քանի ժամ անց, Նիկոլ Փաշինյանը սա հերքեց: Հաջորդ օրն արդեն Դմիտրի Պեսկովն ասաց, թե դեռ ոչինչ պարզ չէ: Հենց նոյեմբերի 9-ին էլ եւս մեկ անգամ ընդգծեց, թե ներկա պահին որեւէ հստակ բան չկա: Եվ արդեն նոյեմբերի 17-ին Պուտինի խոսնակը լրագրողներին ասում է, որ եռակողմ շփումների համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը․
«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներ անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, դրա համար պետք է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»:

Պեսկովի այս հայտարարությունից ընդամենը 2 օր հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու Ալիեւը համաձայնել են հանդիպել, բայց ոչ թե Ռուսաստանում, այլ Բելգիայում: Հանդիպմանն նախաձեռնողն էլ ոչ թե Ռուսաստանի նախագահն է, այլ Եվրոպական խորհրդի ղեկավարը: Կառույցի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Շառլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ու առաջարկել հանդիպել Բրյուսելում՝ դեկտեմբերի 15-ին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում:

Առաջնորդները համաձայնել են հանդիպել Բրյուսելում` քննարկելու տարածաշրջանային իրավիճակը եւ լարվածությունը հարթելու ուղիները` բարգավաճ ու կայուն Հարավային Կովկասի համար, ինչին աջակցում է Եվրամիությունը:

Բրյուսելյան հանդիպման մասին լուրից էլ ընդամենը 2 օր հետո հաղորդվեց Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին: Եվ արդեն այսօր՝ նոյեմբերի 23-ին Կրեմլը հայտնում է՝ Փաշինյանն ու Ալիեւը նախ մեկնելու են Ռուսաստան ու մեկ սեղանի շուրջ նստելու Պուտինի հետ: Արդյոք որեւէ նոր փաստաթուղթ, հայտարարություն կստորագրվի՞ այդ հանդիպմանը: Չնայած վերլուծաբանների կանխատեսումներին՝ պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում: Ավելի վաղ, Հայաստանի վարչապետը առանց մանրամասների հայտարարել էր, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առաջարկներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման նախապատրաստական փուլի վերաբերյալ, եւ այն ընդունելի է հայկական կողմի համար:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում։