կարևոր
676 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-23 20:25

Արցախի նշված բնակավայրերը բռնազավթված են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով. օրենսդրական փոփոխություն

Արցախի նշված բնակավայրերը բռնազավթված են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով. օրենսդրական փոփոխություն

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

Օրակարգի առաջին հարցը ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր, որը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Օրինագծում ֆիքսվել են Արցախի Հանրապետության այն բնակավայրերը, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով բռնազավթվել են Ադրբեջանի կողմից:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է նշել Արցախի Հանրապետության բնակավայրերի կարգավիճակը հետևյալ դասակարգմամբ.

1. *-ով նշված բնակավայրերը բռնազավթված են Ադրբեջանի Հանրապետության կողմից  1991-1994  թվականների պատերազմական գործողությունների հետևանքով.

2. **-ով նշված բնակավայրերը բռնազավթված են Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով.

3. ***-ով նշված  բնակավայրի տարածքի մի մասը բռնազավթված է Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով:

4. ****-ով նշված բնակավայրերը ռազմական գործողություններից հետո դեռևս բնակեցված չեն:

5. *****-ով նշված բնակավայրը ժամանակավորապես մտցված է վարչատարածքի մեջ:»:

 Նախագիծն արժանացել է Հանձնաժողովի դրական եզրակացությանը։