կարևոր
1711 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-23 19:21

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային Ժողովում՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը լարված մթնոլորտում անցավ:

Ընդդիմադիր պատգամավորն իշխանությանը մեղադրեց, հատկապես, նոյեմբերի 16-ի թշնամու հարձակման, զոհեր թվի վերաբերյալ հստակ ինֆորմացիա չհրապարակելու, խառնաշփոթ իրավիճակ ստեղծելու մեջ, իշխանական պատգամավորներն էլ ընդդիմությանն՝ ապատեղեկատվություն տարածելու մեջ:

Օրակարգում, թեեւ կրկին՝  հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն էր, բայց կրքերն էլ ավելի թեժացան, երբ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ պատգամավորներ՝ Անդրանիկ Քոչարյանն ու Վահագն Ալեքսանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն:

«Ձեր արտահայտության համար, թե «Հայաստան» խմբակցությունն է հրավիրել Ադրբեջանին, հենց հիմա պատասխան եմ պահանջում, հրապարակային հայտարարում եմ` դուք դատվելու եք, եւ ոչ միայն այս հանցագործության համար: Պաշտոնապես դիմում եմ դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ եւ բացահայտել՝ ովքեր են դավաճանները, եւ ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին»․ Մինասյանն ու ընդդիմադիր մյուս պատգամավորրները լքեցին սենյակը:

Որից հետո՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր՝ Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ քվեարկությամբ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Ի դեպ, այս նիստից ժամեր հետո՝ Հայաստան» խմբակցության պատգամավորներ` Արծվիկ Մինասյանն ու Վահե Հակոբյանը գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել:

Հաղորդագրության համաձայն՝ Անդրանիկ Քոչարյանը՝ Հանրային Հեռուստաընկերության ուղիղ եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում, Վահագն Ալեքսանյանն էլ՝ հանձնաժողովի նիստի ժամանակ արել են հանցագործության մասին հաղորդում պարունակող հայտարարություններ:

Վերոգրյալ փաստերից հետեւում է, որ թե՛ Անդրանիկ Քոչարյանը, եւ թե՛ Վահագն Ալեքսանյանը գիտակցաբար, պարբերաբար եւ հրապարակային ձեւով, ծայրահեղ անպարկեշտ եղանակով եւ պայմանավորված Արծվիկ Մինասյանի եւ Վահե Հակոբյանի, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության մյուս անդամների հանրային գործունեությամբ ծանր վիրավորանք են հասցրել նրանց` մեղադրելով ծանր հանցագործությունն` դիվերսիա, ինչպես նաեւ թշնամու հետ համագործակցված գործունեություն իրականացնելու մեջ:

Նրանք պահանջում են քրեական գործ հարուցել ՔՊ-ական պատգամավորների կողմից իրականացված արտահայտությունների եւ արգելված եւ պատիժ նախատեսող արարք կատարելու փաստի առթիվ:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։