կարևոր
394 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-23 18:10

Ստամբուլի «Ժամանակ» թերթը՝ փակման վտանգի առաջ․ Հայաստանի ժուռնալիստների միություն

Ստամբուլի «Ժամանակ» թերթը՝ փակման վտանգի առաջ․ Հայաստանի ժուռնալիստների միություն

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) խորապես անհանգստացած է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի՝ հոկտեմբերի 28-ի՝ թերթի տարեդարձի առթիվ հրապարակված խմբագրականով, որտեղ ահազանգ է հնչեցված այն մասին, որ թերթը կանգնած է փակման վտանգի առաջ:

«Սա խորապես անհանգստացնող երևույթ է աշխարհի հայկական բոլոր զանգվածային լրատվամիջոցների գործունեության համար:

Արագորեն փոփոխվող մեր աշխարհում շատ են ժամանակավոր դժվարություններն ու մարտահրավերները, այս պահին՝ հատկապես Քովիդ-19-ի համաճարակով պայմանավորված:

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագրականից տեղեկանում ենք նաև, որ ստամբուլահայերի շրջանում կան նաև ներքին բարդ իրավիճակներ, սակայն թե՛ վերը նշվածը, թե՛ այս հանգամանքը ժամանակավոր դժվարություններ են և չպետք է հայ իրականությունից գողանան մի մշտական արժեք, ինչպիսին «Ժամանակ» օրաթերթն է, որը, անշուշտ, չի ավարտել գնահատելի իր առաքելությունը սփյուռքահայ հասարակության շրջանում:

Հույս ունենք, որ սփյուռքահայ և հայաստանյան գործարար, հասարակական, բարեգործական շրջանակները ձեռք կմեկնեն և կաջակցեն «Ժամանակ» օրաթերթին՝ հաղթահարելու այս դժվարությունները: Անբեկանելի է այն, որ օրաթերթի շարունակականությունն ու հարատևությունը պետք է երաշխավորվի աշխարհով մեկ սփռված հայության հասարակական կարծիքի առողջ և համակողմանի ձևավորման տեսանկյունից:

Ավելորդ չէ նշել, որ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, և ՀԺՄ-ն իր գործընկերային համերաշխությունն է հայտնում խմբագրին ու հույս հայտնում, որ ստեղծված խնդիրը շուտով իր լուծումը կստանա՝ հօգուտ օրաթերթի հետագա գործունեության»: