կարևոր
2689 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-23 15:04

Անդրանիկ Քոչարյանի և Վահագն Ալեքսանյանի հանդեպ քրեական գործ հարուցելու դիմումն ուղարկվել է Դատախազություն

Անդրանիկ Քոչարյանի և Վահագն Ալեքսանյանի հանդեպ քրեական գործ հարուցելու դիմումն ուղարկվել է Դատախազություն

ՀՀ դատախազությանը հանցագործության մասին համատեղ դիմում  է ներկայացվել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Վահե Հակոբյանի կողմից՝ պահանջով քրեական գործ հարուցել ՔՊ-ական պատգամավորներ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտնագության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և Հանձնաժովի անդամ Վահագն Ալեքսանյանի կողմից իրականացված արտահայտությունների և արգելված և պատիժ նախատեսող արարք կատարելու փաստի առթիվ: 

Դատախազության դիմումում մասնավորապես նշված է.

«Սույն թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, ուր նշել է հետևյալը`

«Սրան զուգահեռ խորհրդարանական «Հայաստան» խմբակցության պատգամավորները զբաղված են բացահայտ ու անթաքույց աթոռակռվով։ Օրինակ Վահե Հակոբյանի ՝ «Այս ամենի հանգուցալուծումը իշխանության հեռացումը պիտի լինի» արտահայտությունը, ի հավելումն այսօր առավոտյան, մինչև մարտերի մեկնարկն Արծվիկ Մինասյանի արած՝ «Մի բան կա սպասում ենք դա էլ լինի, նոր խոսենք» արտահայտության, ու էդ ամեն ինչը իրենց սպասարկող մամուլի հատուկ վախ ու խուճապ տարածող սոուսով՝ ստիպում է փաստել, որ հարձակումը փաստացի ունի երկու ուղղություն և որ թշնամական դիվերսիոն խումբը թաքնվելով «Հայաստան» անվան տակ, հասել է Բաղրամյան փողոց՝ ՀՀ ԱԺ»: 

Իր այս գործողություններով վերջինս իր իսկ բառերով ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, այդ թվում` Արծվիկ Մինասյանի և Վահե Հակոբյանին մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով սահմանված արարք կատարելու մեջ:

Նույն օրը Հանրային Հեռուստաընկերության ուղիղ եթեորւմ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը արել է հանցագործության մասին հաղորդում պարունակող հայտարարություններ, մասնավորապես` «կարո՞ղ է «Հայաստան» դաշինքը խնդրել է նաև, որպեսզի հակառակորդը հարձակվի», «թե՞ այլ պետության ուժի հայտարարություն է, «գնացել էին, որ էս խայտառակ հայտարարությունը անեին, որ ու՞մը ներկայացնեին` հակառակորդի՞ն» «իրենք ղալաթ էին անում»:

Ապա 23.11.2021թ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Վահագն Ալեքսանյանն իր խոսքերով փաստացի պնդել է իր միտքն առ այն, թե ընդդիմությունը վերածվել է դիվերսիոն ջոկատի:

Վերոգրյալ փաստերից հետևում է, որ թե՛ Անդրանիկ Քոչարյանը, և թե՛ Վահագն Ալեքսանյանը գիտակցաբար, պարբերաբար և հրապարակային ձևով, ծայրահեղ անպարկեշտ եղանակով և պայմանավորված Արծվիկ Մինասյանի և Վահե Հակոբյանի, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մյուս անդամների հանրային գործունեությամբ ծանր վիրավորանք են հասցրել նրանց` մեղադրելով ծանր հանցագործությունն` դիվերսիա, ինչպես նաև թշնամու հետ համագործակցված գործունեություն իրականացնելու մեջ:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի` քրեական գործ հարուցելու առիթներ են հանցագործությունների մաuին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, ինչպես նաև հանցագործությունների մաuին լրատվության միջոցների հաղորդումները: Սույն հաղորդումը առիթ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու համար:

Հարկ է նշել նաև, որ Վահագն Ալեքսանյանի և Անդրանիկ Քոչարյանի կատարած արարքները առերևույթ առչնվում են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի արգելված հանցակազմի հետ, հետևաբար նախաքննական մարմնին անհրաժեշտ է սրան նույնպես անդրադառնալ:

Հիմք ընդունելով վերոգրյալը`

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուսումնասիրելով սույն հաղորդման մեջ ներկայացված փաստերը` հարուցել քրեական գործ`

  1. Վահագն Ալեքսանյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից իրականացված արտահայտությունների մասով և իրականացնել նախաքննություն,
  2. Վահագն Ալեքսանյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով արգելված և պատիժ նախատեսող արարք կատարելու փաստի առթիվ,
  3. Գործի մասին տեղյակ պահել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանց:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ-ական պատգամավորներ, Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և անդամ Վահագն Ալեքսանյանը մեղադրեցին ընդդիմությանը թշնամու հետ համագործակցելու և ապատեղեկատվություն տարածելու մեջ: Ինչին ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ քպ-ական պատգամավորները պատասխան են տալու մերկապարանոց հայտարարությունների համար, և հենց նիստին պաշտոնապես հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց: