կարևոր
1306 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-23 13:35

Սյունիքի համայնքապետերի կալանավորումն ուղղակիորեն ազդում է Հայաստանի անվտանգային իրավիճակի վրա. Արամ Վարդևանյան

Սյունիքի համայնքապետերի կալանավորումն ուղղակիորեն ազդում է Հայաստանի անվտանգային իրավիճակի վրա. Արամ Վարդևանյան

Խորհրդարանում ասուլիսի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ դատարաններում առկա իրավիճակը ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրներին:

«Սյունիքի համայնքապետերի կալանավորումն ուղղակիորեն ազդում է Հայաստանի անվտանգային իրավիճակի վրա»,-ասաց Վարդևանյանը, և ընդգծեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը, որին առաջադրված մեղադրանքի և ամբողջ քրեական գործի վաղեմության ժամկետի լրանալուն մնում են շաբաթներ, կրկին կալավորվում է, մինչդեռ վաղեմության ժամկետը, երբ լրանում է, մարդը չի կարող կալանավորված մնալ:

«Արթուր Սարգսյանը պատերազմի ժամանակ կարողացել է ջոկատ կազմել, կարողացել է Սիսիանում ռազմավարական կարևոր դիրքեր պահել՝ ի տարբերության այս մարդկանց, որոնք բացառապես մի հարցում են հմուտ՝ հանձնելու, նահանջելու և զիջելու»,-ասաց Վարդևանյանը և հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրել է դատավոր Արմեն Դանիելյանը.

«Արթուր Սարգսյանին կալանավորողն այն մարդն է, որի պատճառով հնարավոր է մի իրավիճակի հասնենք, որ իրավաբաններով մեր դիպլոմները ճղենք, այն պատճառով, որ մենք նույն դիպլոմն ունենք՝ ինչ Արման Դանիելյանը:

Փաստաբանները ասում էին՝ երբ Արմեն Դանիելյանը փողոցով քայլելիս մարդ է տեսնում, ներքին դիսկոմֆորտի մեջ է հայտնվում, մտածում է՝ չէ՞ որ ես կարող էի այս մարդուն կալանավորած լինեի, այդ մարդուն կալանավորողը կարող էի լինել հենց ես, սա է Արմեն Դանիելյանի ֆենոմենը»,-ասաց Վարդևանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը նաև նկատեց, որ թեև գործերի բաշխման համակարգը չի գործում, սակայն կորոնավիրուսով հիվանդ Արմեն Դանիելյանին գործեր են մակարգրում:

«Հերիք չի մակարգրում են, մի հատ էլ Արմեն Դանիելյանն անում է այն, ինչ կարողանում է, ո՞նց է ստացվում, որ հենց իրեն են մակագրում, Վերաքննիչ դատարանում ուրիշ դատավոր չկա՞, ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»,-ասաց Վարդևանյանը:

Հիշեցնենք,որ այս պահին կալանավորված են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը և Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, ինչպես նաև՝ «Հայաստան» դաշինքի անդամ, Գորիս համայնքի նորընտիր ղեկավար Առուշ Առուշանյանը: