կարևոր
1243 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-23 12:35

Դատարանը մերժեց Արմեն Չարչյանի անձեռմխելիության հաղթահարման իրավական բացի հարցով միջնորդությունը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի անձեռմխելիության հաղթահարման իրավական բացի հարցով դատարանը չի դիմի Սահմանադրական դատարան: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց Արմեն Չարչյանի պաշտպանի միջնորդությունը։

Երեկ կայացած դատական նիստին Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին։ Ալեքսանյանն ընդգծեց, որ դատական քննության ժամանակ կա օրենսդրական բաց. «Պատգամավորի անձեռնմխելիության տեսանկյունից գլխավոր դատախազը դիմում է ԱԺ քրեական հետապնդում հարուցելու նպատակով թույլտվություն ստանալու համար, ազատությունից զրկելու համար։ Սակայն դատական քննության փուլում, երբ առկա է հարուցված հետապնդում, որից հետո անձը նոր է ձեռք բերում պատգամավորի կարգավիճակ, հետևաբար օժտվում է Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության երաշխիքով ընթացակարգ և կառուցակարգ չկա այդ ժամանակ անձեռնմխելիությունը հաղթահարելու տեսանկյունից: Այստեղ կա օրենսդրական բաց, խնդիր եւ դա կարող է լուծել միայն ՍԴ-ն: Այդ պատճառով խնդրեցի, որ դատարանը դիմի ՍԴ եւ պարզի, թե որքանով են Քրեական դատավարության օրենսգրքի 31, 35 հոդվածները համապատասխանում Սահմանադրությանը այն տեսանկյունից, որ դրանք չեն նախատեսում կոնկրետ կառուցակարգ և ընթացակարգ արդեն իսկ հարուցված գործի շրջանակում նոր կարգավիճակ ձեռք բերած անձի անձեռնմխելիության հաղթահարման տեսանկյունից քրեական հետապնդումը շարունակելու հարցի տիրույթում»,-հայտարարեց պաշտպանը:

Դատարանում միջնորդության  ներկայացման ժամանակ դատախազն ասել է՝  ՍԴ-ում կա արդեն քննվող նման դիմում: Սակայն Էրիկ Ալեքսանյանի խոսքով, այդ դիմումը և այս միջնորդությունը տարբերվում են իրարից.

«35-րդ հոդվածը նախատեսում է  այն հիմքերը, որոնցով  դատարանը ղեկավարվելով՝ կարող  է քրեական հետապնդումը դադարեցնել ու վարույթը կարճել: Հիմա օրենքն առհասարակ դատարանին արգելո՞ւմ է  այս պահին վարույթը կարճել:  Բնականաբար, ոչ: Այսինքն ստացվում է, որ  դատարանն այս փուլում կարող է այդ նորմը կիրառել, հետևաբար եթե կարող է, դրա սահմանադրականության  հարցը տեսնելու դեպքում, բնականաբար, պետք է դիմի Սահմանադրական դատարան»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը: