Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի դեմ իրականացվող ակցիայի մասնակիցները փակեցին Ֆրանսիայի հրապարակին հարակից փողոցը։ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ, եթե բոլորը հավաքվեն, ժողովրդի դեմ որևէ ուժ չի կարող կանգնել, միայն ժողովրդի ներկայությունն է լուծելու հարցը՝ առանց որևէ խնդրի, որովհետև իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Նա կրկին բաձրաձայնեց այսօրվա հավաքի պահանջները․ «Կանխել սահմանազատման և սահմանագծման հակահայկական ծրագիրը, այդ թվում ՝ պահանջում ենք հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը։
Պահանջում ենք ՝ թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն։
Պահանջում ենք , որպեսզի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը»։
«Եթե դուք հիմա գնաք տուն, ասեք՝ դե լավ, վաղը ես չեմ գնա, հարևանս կգնա, իմացեք՝ մենք էլի գնալու ենք մարելուն և դրանից օգտվելու են մեր երկրի թշնամիները»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ մեր երկիրն ընկել է հիվանդանոց, մեր օգնության կարիքն ունի և մենք պետք է գոնե մեկ շաբաթ մեր ժամանակից նվիրենք մեր հիվանդ երկրին։
Զոհրաբյանը կոչ արեց քաղաքացիներին՝ վաղը ժամը 17.00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում։ Նա նաև տեղեկացրեց, որ ժամը 13.00-ից Պոլիտեխնիկական համալսարանից կիրականացվեն իրազեկման ակցիաներ։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան 44 րոպեով փակվել են Երևանի փողոցները՝ Արշակունյաց, Իսակով, Տիգրան Մեծի, Բաղրամյան պողոտաները, Հաղթանակ կամրջից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցը։ Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է, նշել են ակցիայի մասնակիցները: Ակցիայի մասնակիցները ժամը 14:00-ից նախ Կառավարության, ապա ՀՀ նախագահականի և ԱԺ ընդունարաններին են հանձնել իրենց պահանջ-նամակները, ապա 17:00-ից հանրահավաք են իրականացրել Հանրապետության հրապարակում։
Հանրահավաքն այսօր ամփոփվել է Ֆրանսիայի հրապարակում, ապա քայլերթով՝ Մաշտոցի պողոտայով: