կարևոր
238 դիտում, 4 օր առաջ - 2021-11-22 20:31

Եվրոպայում բողոքի նոր ալիք է սկսվել. մարդիկ բողոքում են սահմանափակումների դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպան նորից պայթում է բողոքի ձայնից. Նիդերլանդներում 3 գիշեր անընդմեջ բողոքում են Քովիդ-19-ով պայմանավորված նոր սահմանափակումների դեմ: Ցույցերը վերաճել են զանգվածային անկարգությունների, որի հետեւանքով կան վիրավորներ թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների շարքերում: Ավելի քան 5 տասնյակ մարդ բերման է ենթարկվել: Կառավարությունը 3 շաբաթով մասնակի լոքդաուն է հայտարարել երկրում, ծրագրում է նաեւ արգելել չպատվաստվածների մուտքը հանրային վայրեր: Ցուցարարներին զայրացրել է նաեւ, որ արգելվել է անգամ ամանորյա հրավառությունը:

40 հազար մարդ ողողել է Վիեննայի փողոցները: Ավստրիան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որտեղ փետրվարից կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր կլինի բոլորի համար: Ընդդիմացողներն այս ամենը անվանում են «կորոնավիրուսային բռնապետություն»: Ու չնայած հանգստյան օրերի այս բողոքի ալիքին՝ երկուշաբթվանից ուժի մեջ է մտել կառավարության մեկ այլ որոշում, այն է՝ նոյեմբերի 22-ից Ավստրիայում նորից համազգային լոքդաուն է: Երկրում փակ է գրեթե ամեն ինչ՝ թե՛ պատվաստվածների, թե՛ չպատվաստվածների համար: Մայրաքաղաք Վիեննան այսօր արդեն կիսադատարկ է ու խաղաղ:

Տասնյակ հազարավոր մարդիկ Քովիդ-19-ի սահմանափակումների դեմ բողոքել են նաեւ Բրյուսելում: Ակցիան խաղաղ է ընթացել, բայց ինչ-որ պահի մի խումբ ցուցարարներ քարեր ու ճայթուկներ են նետել իրավապահների ուղղությամբ, ջարդուփշուր արել ոստիկանական մեքենաների պատուհանները: Իրավապահներն էլ գործի են դրել ջրցան մեքենաները և արցունքաբեր գազ են կիրառել:

Բողոքի ալիքն անցել է նաեւ Իտալիայով, Ֆրանսիայով, Շվեյցարիայով, Խորվաթիայով, Դանիայով: Եվ մինչ եվրոպացիները պահանջում են չսահմանափակել իրենց ազատությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է՝ Եվրոպան աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ կորոնավիրուսով պայմանավորած մահերի թիվն աճում է:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում: