կարևոր
511 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-22 17:35

Արմեն Չարչյանի գործով օրենսդրական բաց կա, եւ դա կարող է լուծել միայն Սահմանադրական դատարանը. փաստաբան

Արմեն Չարչյանի գործով օրենսդրական բաց կա, եւ դա կարող է լուծել միայն Սահմանադրական դատարանը. փաստաբան

Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող հանձնաժողովի փորձագետներն անցել են իրենց գործին, կատարում են համապատասխան փորձաքննություն, թե ինչքան կտևի դա, չեմ կարող ասել։ Այս մասին այսօր նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ, «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Միևնույն ժամանակ հույս ունեմ՝ շուտով կունենանք համապատասխան փորձագետների եզրակացություն և հնարավորություն կունենանք այդ եզրակացության շրջանակներում կրկին խափանման միջոցին անդրադառնալ, որովհետև դուք հիշում եք, որ դատարանը մեր միջնորդությունը հետաձգեց մինչև համապատասխան փորձագիտական եզրակացություն ստանալը»,- նշեց նա:

Ալեքսանյանն ընդգծեց, որ դատական քննության ժամանակ կա օրենսդրական բաց. «Պատգամավորի անձեռնմխելիության տեսանկյունից գլխավոր դատախազը դիմում է ԱԺ քրեական հետապնդում հարուցելու նպատակով թույլտվություն ստանալու համար, ազատությունից զրկելու համար։ Սակայն դատական քննության փուլում, երբ առկա է հարուցված հետապնդում, որից հետո անձը նոր է ձեռք բերում պատգամավորի կարգավիճակ, հետևաբար օժտվում է Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության երաշխիքով ընթացակարգ և կառուցակարգ չկա այդ ժամանակ անձեռնմխելիությունը հաղթահարելու տեսանկյունից: Այստեղ կա օրենսդրական բաց, խնդիր եւ դա կարող է լուծել միայն ՍԴ-ն: Այդ պատճառով խնդրեցի, որ դատարանը դիմի ՍԴ եւ պարզի, թե որքանով են Քրեական դատավարության օրենսգրքի 31, 35 հոդվածները համապատասխանում Սահմանադրությանը այն տեսանկյունից, որ դրանք չեն նախատեսում կոնկրետ կառուցակարգ և ընթացակարգ արդեն իսկ հարուցված գործի շրջանակում նոր կարգավիճակ ձեռք բերած անձի անձեռնմխելիության հաղթահարման տեսանկյունից քրեական հետապնդումը շարունակելու հարցի տիրույթում»,-հայտարարեց պաշտպանը:

Դատարանում միջնորդության  ներկայացման ժամանակ դատախազն ասել է՝  ՍԴ-ում կա արդեն քննվող նման դիմում: Սակայն Էրիկ Ալեքսանյանի խոսքով, այդ դիմումը և այս միջնորդությունը տարբերվում են իրարից.

«35-րդ հոդվածը նախատեսում է  այն հիմքերը, որոնցով  դատարանը ղեկավարվելով՝ կարող  է քրեական հետապնդումը դադարեցնել ու վարույթը կարճել: Հիմա օրենքն առհասարակ դատարանին արգելո՞ւմ է  այս պահին վարույթը կարճել:  Բնականաբար, ոչ: Այսինքն ստացվում է, որ  դատարանն այս փուլում կարող է այդ նորմը կիրառել, հետևաբար եթե կարող է, դրա սահմանադրականության  հարցը տեսնելու դեպքում, բնականաբար, պետք է դիմի Սահմանադրական դատարան»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը ժամը 12.00-ին։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, տեղի ունեցավ «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը։  Նիստին ներկա է Արմեն Չարչյանը: Նիստերի դահլիճում ներկաները ծափահարություններով դիմավորեցին պրոֆեսորին: