կարևոր
1267 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-22 16:30

Ընդդիմադիր խմբակցությունների բոլոր հնարավորություններով պահանջելու ենք քննել փաստաթուղթի բոլոր մանրամասները, բացահայտել գործընթացը

Ընդդիմադիր խմբակցությունների բոլոր հնարավորություններով պահանջելու ենք քննել փաստաթուղթի բոլոր մանրամասները, բացահայտել գործընթացը

«Ազատագրական շարժման» ներկայացուցիչները կառավարության շենքի մոտից Ամիրյան-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան երթուղով շարժվելով հասան դեպի ՀՀ նախագահի նստավայր։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից պահանջում են իր ունեցած լիազորության ու կարողությունների շրջանակներում ազդել կառավարության, վարչապետի վրա, որպեսզի վերջինս բացահայտի սեղանին դրված փաստաթուղթը, որը վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացին։

«Կան ռիսկեր, այդ փաստաթղթերով կարող են ամրագրվել ոչ հայանպաստ սկզբունքներ, թշնամուն զիջել ռազմավարական տարածքներ, կապուղիներ և, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը կարող է ճանաչվել որպես Ադրբեջանի մաս։ Որպեսզի դա կանխենք, եկել ենք այստեղ։ ՀՀ նախագահը սահմանադրության, տարածքային ամբողջականության երաշխավորն է և պետության գլուխը։ Փատաթուղթը վերաբերում է ՀՀ սահմաններին։ Դիմում ենք Ձեզ, պարոն Նախագահ, որպեսզի գործադրեք ձեր լիազորություններն ու ստիպեք կամ պահանջեք Նիկոլ Փաշինյանից, որպեսզի նա բացահայտնի փաստթուղթը։ Այն, ինչ ընդունելի է Նիկոլ Փաշինյանի համար, պարտադիր չէ, որ ընդունելի լինի ժողովրդի համար։ Որպեսզի չկանգնեք նախորդ տարվա վատ դրության առաջ, երբ մամուլից իմացաք, որ ստորագրել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ապա քանի ուշ չէ, գործադրեք ջանքեր, բարձրացրեք հարցը և հասանելի դարձրեք այն»։

Նախաձեռնության անդամները դիմումը հանձնեցին ՀՀ նախագահի նստավայրի ընդունարան։ Այնուհետև նրանք շարժվեցին դեպի Ազգային ժողովի շենք, որտեղ ընթերցեցին ԱԺ պատգամավորներին ուղղված կոչը, ապա նամակը հանձնեցին ԱԺ ընդունարան։

«Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ առկա են ռիսկեր, վտանգներ, որ այդ սահմանագծմամբ կարևորագույն խնդիրը կլինի այն, որ Արցախը կճանաչվի իբրև Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մաս և այսպիսով մեր 30-ամյա պայքարը կիմաստազրկվի»,-նշում են բողոքի մասնակիցները: 

«Նման զարգացում թույլ չտալու համար ԱԺ-ի մոտ ենք։ Մենք՝ քաղաքացիներս, ընտրել ենք ԱԺ։ Մենք չենք ընտրել կառավարություն, չենք ընտրել Նիկոլ Փաշինյան, ընտրել ենք ԱԺ, հետևապես մեր պահանջի թիրախն ԱԺ-ն է, որն ունի սահմանադրաիրավական լայն լիազորություններ, լայն լծակներ՝ ազդելու կառավարության, վարչապետի վրա, որ բացահայտի այդ փաստաթղթի բովանդակությունը։ Բոլորիս բազմիցս խոստացվել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ, ցանկացած որոշում մինչև իր ընդունելը հրապարակային կլինի»։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արծվիկ Մինասյանը, Ասպրամ Կրպեյանը և  «Պատիվ ունեմ» խմբակցության  պատգամավոր Հայկ Մամիջանյանը հանդիպեցին ԱԺ-ի դիմաց հավաքված ազատագրական շարժման մասնակիցների հետ։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, դիմելով մասնակիցներին, ասաց. «Ընդունեք, որ ընդդիմության մանդատները ձեր մանդատներն են։ Նոյեմբերի 25-ին լսումներ է հրավիրված, որի օրակարգում այս հարցն է։ Ավելին մեր ընդդիմադիր խմբակցությունների բոլոր հնարավորություններով պահանջելու ենք, որ թե՛ ձեր նշած փաստաթուղթը, թե՛ բոլոր մանրամասնությունները քննարկման առարկա դառնան։ Միանշանակ ճիշտ եք, չի կարող հայ ժողովրդի թիկունքում ստորագրվի, քննարկվի կամ ապօրինի կերպով հանձնվեն Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Մենք ձեզ հետ ենք, ձեզնից մեկն ենք»,-նշեց պատգամավորը։

Բողոքի մասնակիցներն այնուհետ քայլերթով վերադարձան Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի: