կարևոր
1237 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-22 16:01

Մեկնարկը տրված է. գործողությունը սկսենք յուրաքանչյուրս մեր մարզից. ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցչի ուղերձը

Մեկնարկը տրված է. գործողությունը սկսենք յուրաքանչյուրս մեր մարզից. ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցչի ուղերձը

ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը կոչով դիմել է հասարակությանը, Արարատի մարզի բնակչությանը՝ հրավիրելով նրանց նոր ձևավորված Դիմադրության շարժման Արարատի մարզային գրասենյակ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արարատի մարզի բնակիչնե՛ր,

Տևական ժամանակ է, ինչ իշխանությունների դեմ մեր համատեղ պայքարը սպասված արդյունքները չի տվել։ Շատերս հիասթափված ենք, կոտրված։

Մեզնից յուրաքանչյուրը՝ շատ լավ գիտակցելով, որ իր բաժին գործողությունն ունի անելու հանուն մեր պետականության, շատ դեպքերում միայնակ չի կարողանում իր անելիքներն իրականացնել։

Տեղերում համախմբվելու, կազմակերպվելու, մեր բոլորի առաջարկներն ու պատկերացումները բյուրեղացնելու և այն վերջնական գործողություն դարձնելու ժամանակն է։

Այս օսմանահպատակ իշխանությունների գործողությունները մեր հայրենիքը կանգնեցրել են թուրքական նոր յաթաղանի տակ և պետականության կորստի առջև։

Ովքեր դեմ են այս ամենին և գտնում են, որ անելիք ու ասելիք ունեն, բոլորին հրավիրում ենք Արտաշատ քաղաքի Մխչյան փողոցի 108 հասցեում գործող Դիմադրության շարժման գրասենյակ՝ քննարկելու բոլորի առաջարկները և ստեղծելու համատեղ Դիմադրության ճակատ։

Գրասենյակը նոյեմբերի 22֊ից սկսած՝ յուրաքանչյուր օր, ժամը 17:00-ից մինչև 20:00-ը բաց է լինելու ընդունելությունների և քննարկումների համար։

Ես մշտապես լինելու եմ գրասենյակում և ձեր տրամադրության տակ։

Եթե պետք է գործողությունն սկսել, ուրեմն` այդ գործողությունը սկսենք յուրաքանչյուրս մեր մարզից։

Մեկնարկը տրված է։ Միասնական դիմադրությամբ թույլ չտանք, որ մեր գլխավերևում ծածանեն թուրքական կիսալուսինը...»:

Հավելենք, որ այսօր առավոտից Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում. պահանջում են հրապարակել այն փաստաթղթերի բովանդակությունը, որոնք պատրաստվում է ստորագրել երկրի վարչապետը, և որոնք վերաբերում են ՀՀ տարածքների սահմանազատմանն ու սահմանագծմանը։