կարևոր
472 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-22 14:57

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ

Այսօր` նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին։ Անդրադարձել է արվել տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը և տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության դեմ այդ պետության ոտնձգությունների անթույլատրելիությանը։ Այս իմաստով Իշխան Սաղաթելյանը կարևորել է միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի եւ Սիրիայի համագործակցությունը։

Դեսպանն իր հերթին կարծիք հայտնեց, որ Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ։ Նա իր խոսքում մերժելի համարեց այդ երկրի կողմից վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը պատերազմական գործողություններին, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում:

Երկուստեք կարևորել են երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ ընդգծելով, որ պատմականորեն առանձնահատուկ է Հայաստանի և Սիրիայի փոխգործակցությունը։

Խորհրդարանական դիվանագիտության զարգացման համատեքստում փաստվել է փոխայցերի գործուն դերն ու նշանակությունը։ Անդրադարձ է արվել նաև տնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի իրականացմանը, մասնավորապես՝ արտահանման և ներմուծման ծավալների ավելացմանը։ Դեսպանն ընդգծեց սիրիահայերի մեծ դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Որպես ՀՀ ԱԺ փոխնախագահ՝ Իշխան Սաղաթելյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակել երկկողմ հարաբերությունների խթանմանը միտված նախաձեռնությունների կյանքի կոչմանը։