Մատենադարանում կայացել է «Սիլիկոնային սարեր 2021» միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը, որի նպատակն է կապ հաստատել տեխնոլոգիա ստեղծողների եւ օգտագործողների միջեւ: Միջոցառման ընթացքում քննարկվել են խելացի լուծումների կիրառման եւ տնտեսության թվայնացման հեռանկարները:
«Տեխնոլոգիաները ազդեցություն ունեն կյանքի բոլոր ոլորտների վրա, եւ մենք պիտի հասկանանք, թե ինչպե՞ս կարող ենք օգտագործել եւ զարգացնել ապագայի տեխնոլոգիաները՝ Հայաստանը զարգացնելու համար։ Տեխնոլոգիական կրթությունը հայերի համար պետք է սկսվի դպրոցական տարիքից: Մենք ցանկանում ենք խրախուսել երիտասարդներին, որպեսզի որպես մասնագիտություն ընտրեն գիտությունն ու ՏՏ-ն, եւ համապատասխան կրթություն ստանան՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում,- նշել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը:
«Սիլիկոնային սարեր 2021»-ն իրենից ներկայացնում է բիզնեսի առաջնորդների հանդիպում եւ բաց քննարկում, որտեղ ընկերությունների ղեկավարները ներկայացնում են իրենց փորձը, ծրագրերը: Համաժողովի հատուկ հյուրն էր «Սինոփսիս վերազգային ընկերության» նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը, ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի՝ 2020 թվականի մրցանակակիրն է: Արդեն 11 տարին անընդմեջ հեղինակավոր այս մրցանակի գլխավոր գործընկերն է «Վիվա-ՄՏՍ»-ը:
Միջոցառման ընթացքում կայացած արարողության շրջանակում շրջանառության մեջ է դրվել «Բարձր տեխնոլոգիաներ. «Սիլիկոնային սարեր» թեմային նվիրված մեկ նամականիշով՝ երկկողմանի փոստային բացիկ: Բացիկի ներքեւի՝ ձախ անկյունում, պատկերված է «ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ» գրառումը՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով, իսկ դարձերեսին պատկերված է 2021 թվականի «Սիլիկոնային սարեր» համաժողովի լոգոտիպը: