Այս օրերին, տարբեր մարզերում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավի ընթացք է: Դա սակայն չի խանգարում, որ համայնքների կամ տվյալ գյուղերի վարչական ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվեն՝ իշխող ուժի ավագանու թեկնածուներ:
Նման մի նշանակման դեմ բողոքի ցույց էր սկսվել Բյուրական համայնքում, իսկ նոյեմբերի 19-ին՝ Քասախ համայնքում: Բյուրական համայնքը՝ Արագածոտնի մարզի կազմում է , Քասախը՝ Նաիրի Խոշորացված համայնքի:
2 համայնքում էլ տեղական իշխանության համար քվերկությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 5-ին: Բյուրականում ցույցը նոյեմբերի 16-ին էր: Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է Ռադիկ Գեւորգյանը:
Գործող համայնքապետի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր նոյեմբերի 2-ին, Ռադիկ Գեւորգյանին, ըստ բնակիչների, ոչ ոք չի ճանաչում: Քասախ գյուղում բողոքի ակցիան շարունակվել է ողջ օրվա ընթացքում, երեկոյան կրքերը թեժացան: Որոշումը Կոտայքի մարզպետինն էր, պաշտոնակատար էր նշանակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Նաիրի խոշորացված համայնքի ավագանու թեկնածու՝ Արտակ Թովմասյանը:
Բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցները պնդում էին, որ ավագանու թեկնածուն իրավունք չունի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել, իսկ մինչ այս՝ համայնքը ղեկավարած Արա Մկրտչյանի լիազորությունները չեն ավարտվել, քանի որ նա պաշտոնապես գտնվում է արձակուրդի մեջ:
Հիշեցնենք, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը կալանքի տակ է, քանի որ օրերս վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ որպես խափանման միջոց ընտրեց կալանքը:Համայնքապետը Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է:
Երեկոյան համայնքապետարանի դուռը հատուկ սարքով բացեցին իրավապահները: Ցերեկվա ընթացքում ժամակավոր պաշտոնակատարին չէր հաջողվել գյուղապետարան մուտք գործել:Դուռը փակ էր, բնակիչները բողքում էին: Խնդիր կա նաեւ Մասիս քաղաքում: Մասիսի փոխքաղաքապետից տեղեկացանք, որ նշանակված ժամանակավոր պաշտոնակատարն իր հերթին իրեն փոխարինող է նշանակել. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է նոյեմբերի 14-ին, իշխանության կողմից համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել՝ ընտրապայքարի մեջ գտնվող իրենց թեկնածուն:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, խոսելով բոլոր համայնքներում իրականացվող քպական թեկնածուների պաշտոնակատարներ նշանակելու գործընթացից, հիշեցրեց՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի օրինակը, երբ քաղաքապետի կալանավորումից հետո կասեցվեց փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի լիազորութոյունները, իսկ Մենուա Հովսեփյանին կալանավորեցին՝ ազատվելով նրանց պաշտոնակատար նշանակելու խնդրից:
Ըստ համայնքների բնակիչների՝ տարբեր մարզերում այս օրերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ, համայնքների կամ տվյալ գյուղերի վարչական ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման դեմ բողոքի ակցիաները հիմանակնում պայմանավորված են այն հանգամանքով, որ պաշտոնակատար անձինք տեղյակ չեն համայնքային խնդիրներին եւ կարող է մեկ ամսվա ընթացքում խաթարել համայնքի գործունեությունը: