կարևոր
592 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-20 19:19

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ․ Սիրանույշ Սահակյան

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ․ Սիրանույշ Սահակյան

Հայաստանի արևելյան ուղղությամբ մարտական վերջին գործողությունների հետևանքով գերեվարված զինծառայողներից 4-ի վերաբերյալ, արդեն իսկ, դիմում է ներկայացվել ՄԻԵԴ։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը՝ գերեվարվածներ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում՝ տեղեկությունը հայտնեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։

«ՀՀ ՊՆ–ի հրապարակած տվյալներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Այս պահին 4 անձի վերաբերյալ արդեն իսկ գանգատներ բացել ենք, սակայն հասկանալի է, որ բոլոր անհետ կորած կամ գերեվարված անձանց առնչությամբ նաև միջպետական գանգատի շրջանակում թարմացումներ տեղի կունենան»,- ասաց նա։

Իրավապաշտպանները մշտական կապի մեջ են հայ ռազմագերիների խնդրով զբաղվող լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ։ Սահակյանի խոսքով` գրասենյակն, արդեն իսկ, ձեռք է բերել որոշակի տեղեկություններ՝ նոյեմբերի 16-ին, Ադրբեջանի հրահրած ագրեսիայի դեմ մղվող ինքնապաշտպանական մարտերում ներգրավված անձանց վերաբերյալ, և շուտով միջպետական գանգատի շրջանակում նոր գերեվարվածների խնդիրը կներկայացվի Եվրոպական դատարանին։

«Մենք համակցելու ենք անհատական գանգատները միջպետական գանգատների հետ և անհատական գործի շրջանակում նոր գործեր չենք ներկայացնի, քանի որ այդ տեղեկություններն արդեն ներառված կլինեն միջպետական գանգատի շրջանակում»,- պարզաբանեց Սահակյանը։

Նա նշեց, որ ռազմագերու կարգավիճակի առումով որևէ նշանակություն չունի, թե որտեղ է գերեվարվել անձը` իր երկրի ինքնիշխան տարածքում, թե հակառակորդի կողմից օկուպացված գոտում։ Մինչդեռ միջպետական գանգատի տեսանկյունից այն բավական կարևոր է։

«Եթե ԱՀ կոնֆլիկտի պարագայում միջազգային աղմուկ չբարձրացնելն ինչ-որ բացատրություն կարող էր ունենալ, ինչը բացառապես կարող է ադրբեջանական լոբբինգի հետևանք լինել, այս պարագայում նման արդարացումներ չեն կարող ներկայացվել»,- ասաց իրավապաշտպանը։

Սահակյանի խոսքով` այս դեպքում գործ ունենք ինքնապաշտպանության հետ, որը հստակ կանոնակարգվում է նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ։

«Այստեղ որևէ բացատրություն չկա, թե ինչպես Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանը պետք է փորձեր ինքնապաշտպանվել, և այս պարագայում գործ ունենք նաև բացահայտ ագրեսիայի հետ, որը սպառնում է նաև միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը»,- եզրափակեց Սահակյանը։