կարևոր
1474 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-20 16:47

Սյունիքից չվերթներ իրականացնողը չունի անվտանգային որևէ երաշխիք․ Վահե Հակոբյան

Սյունիքից չվերթներ իրականացնողը չունի անվտանգային որևէ երաշխիք․ Վահե Հակոբյան

Սյունիքի օդանավակայանից թռիչքներ իրականացնող ավիափոխադրողը չի կարող ունենալ անվտանգային որևէ երաշխիք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Երեւան-Կապան-Երեւան թռիչքներ չեղարկմանը ավիափոխադրողի՝ հայտը հետ վերցնելու պատճառով։

«Սթափ մտածելակերպ է ունեցել ավիափոխադրողը, որ հետ է վերցրել իր հայտը, հակառակ դեպքում՝ ինչպե՞ս էր ինքը պատկերացնում չվերթները․ 110 մետր հեռավորության վրա ադրբեջանցի ուղեկալներ են տեղաբաշխված, և ինքաթիռն այդ պայմաններում թռիչք է կատարում։ Իրենք հանգիստ կարող են խոցել ինքնաթիռը։ Ու պարտադիր չէ, որ ունենան դրա հրահանգ, որևէ հարբած ադրբեջանցի կարող է կրակ արձակել։ Ո՞վ է պատասխան տալու՝ իհարկե, ավիափոխադրողը»,-նշել է նա։

Հակոբյանի խոսքով՝ անվտանգության երաշխավորը պետք է լինի պետությունը։

«Մենք գուցե մոռացել ենք, բայց ունենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ Սա արդեն իրենց և կառավարության խնդիրն է։ Բայց կառավարությունն անգամ իր սեփական երաշխիքները չի կարող տալ, ինչի մասին է խոսք»,-ընգծել է Հակոբյանը։

Հարցին, թե ինչ միջոցներով պետությունը պետք է ապահովի անխափան թռիչքներ Սյունիքի օդանավակայանից, Վահե Հակոբյանն արձագանքել է․

«Ցանկացած նման հարցի պատասխանը մեկն է՝ Նիկոլի Փաշինյանի և իր խմբակի հեռանալը»։

Հիշեցնենք, որ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների մասին տեղեկությունը հայտնվեց նոյեմբերի 11-ին: Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները 44–օրյա պատերազմից և հայկական զորքերի դուրսբերումից հետո գտնվում են թռիչքուղուց մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:

Երևանից Կապան կարելի է հասնել 5-6 ժամում։ Խորհրդային տարիներին այստեղ կառուցվել են օդանավակայան և երկաթգիծ։ 90-ական թվականների սկզբից օդանավակայանը, ինչպես նաև Կապան քաղաքը, հայտնվել են ադրբեջանական ուժերի հրետակոծության տակ: 2017-ին, երբ այստեղ սկսեցին կապիտալ վերանորոգման աշխատանքները, թռիչքուղու վրա գտան չպայթած արկ։