Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան գյուղի բնակիչներն իրենց անվտանգ չեն զգում։ Գյուղում չկա անգամ մթերային խանութ, Գորիսից են սնունդ ձեռք բերում՝ շաբաթը երկու անգամ ուղևորվում են սահմանապահների կողմից տրամադրված մեքենայով։ Բժշկական օգնություն հասցնելու խնդիրները ևս կիսատ են լուծվել, բնակիչներն այլևս նախկինի պես չեն ապրում, հույս էլ չունեն, որ նախկինի պես կարող է լինել։
Բարձրավանի վարչական ղեկավար Օնիկ Ավագյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ չնայած այլընտրանքային ճանապարհները բարեկարգվում են, շինարարությունն այս պահին ընթացքի մեջ է, բայց չի կարծում, որ մինչեւ տարեվերջ կհասցնեն։ Համայնքապետի խնդրանքով գյուղից դուրս եկող անանցանելի ճանապարհն է բարեկարգվում։
«Աշխատանքները հունի մեջ են, աշխատողներն անում են ամեն ինչ, բայց մի քիչ ուշ է, որ կարողանան մինչև տարեվերջ տրամաբանական ավարտին հասցնել։ Շինարարներն իրենցից կախված ամեն ինչ անում են։ Գյուղից դուրս եկող ճանապարհը երթևեկելի են սարքել, բայց պատրաստ չէ։ Նախկին ճանապարհները բարեկարգել են, խճապատել են, այդ հատվածը ժամանակավոր անցանելի են դարձրել,մերոնք երթևեկում են։ Այս պահին եղանակը լավ է, չորային է, հնարավոր է երթևեկել, բայց հող է, ցեղ է, եւ վաղը նորից, անանցանելի է դառնալու։ Աստված մեր կողմից լինի, եղանակները լավ լինեն, մարդիկ կհասցնեն մի քիչ աշխատեն»։
Ավագյանը նշեց, որ երբ գլխավոր մայրուղու վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ, բնակիչները հանգիստ կարողանում էին երթևեկել, վճարում էին միայն Իրանցի վարորդները, իսկ մաքսակետի տեղադրումից հետո, երբ հայկական մեքենաները ևս պետք է մաքսատուրք վճարեն, բարձրավանցիներից ոչ ոք մայրուղով չի էլ փորձել երթևեկել։
«Ինչքանով տեղյակ եմ, մեր սահմանապահ զորքերը նույնիսկ չեն թողնում, որպեսզի այնտեղով երթևեկեն»։
Գյուղում առաջին անհրաժեշտության պարագաներ չեն կարողանում ձեռք բերել, ստիպված են այլընտրանքային ճանապարհով հասնել Գորիս ու վերադառնալ։
«Գյուղում չունենք մթերային խանութներ, ինչ-որ ծխախոտ, սուրճ ու նման բաներ են տալիս։ Հիմնականում Գորիսից էին բերում՝ երթուղային տաքսիով մարդիկ երթևեկում էին իրենց գործերով, առևտուրն էլ անում, գալիս էին։ Հիմա մի քիչ դժվարություններ կան։ Ճանապարհը երկարացել է, խորթ ու բորդ է։ Սահմանապահ զորքերը մեզ «ՈՒՐԱԼ» ամենագնաց են տվել, որպեսզի շաբաթվա ընթացքում երկու օր բնակիչները երթևեկեն իրենց հոգսերի համար։ Այդ կարգով ենք խնդիրները լուծում»։
Բնակիչները առևտուրն անում են Գորիսից, իսկ հացն ամենօրյա ռեժիմով ԱԻՆ-ը մեքենաներով է հասցնում, անվճար տրամադրում բնակիչներին։ Գյուղում գործող մանկապարտեզն այժմ նորմալ ռեժիմով գործում է, երեխաների համար քաղցրավենիքն իր հետ բերել է Գորիսի փոխքաղաքապետը, իսկ դպրոցի հետ լուրջ խնդիրներ կան։
«Ուսուցիչները ճանապարհով դժվար են գալիս, գնում։ Իմ տեղեկություններով՝ երեկվանից պետք է անցած լինեին օնլայն ռեժիմի, որովհետև ուսուցիչները չեն ներկայացել։ Օնլայն ռեժիմն էլ է մեզ համար մեծ խնդիր, որովհետև գյուղի երեխաների տներում հնարավորություն չկա»։
Ավագյանը նշեց, որ դիմել է մարզպետարան՝ ինտերնետի հարցով ու աշակերտների համար համակարգիչներ ստանալու համար։ Հույս ունի, որ դա ևս կլուծվի։ Ուսուցիչների մեծ մասը հիմնականում Բարձրավան աշխատանքի են գալիս Գորիսից։ Առողջապահական հարցը ևս փորձում են լուծել։ Հիմա սպասարկումը փոխել են Կապանի ուղղությամբ, որ եթե շտապօգնության կանչ գրանցվի, ավելի հեշտ մոտենա։ Այսպես` ավելի հասանելի է։ Գյուղ է այցելել նաև գլխավոր բժիշկը, խոսել ու պայմանավորվել են ծառայությունների մատուցման, սպասարկման ընթացքի մասին։ Պայմանավորվել են նաև, որ պետք է գյուղում Քովիդի դեմ պատվաստումներ իրականացնեն։
«Բնակիչներից մեկը ծանր հիվանդ էր։ Ճանապարհները փակելու ժամանակ հարազատները տեղափոխել են, որքան գիտեմ դեռ Կապանում է։ Առողջական լուրջ խնդիրներ ունի։ Այստեղ նաև փոքր երեխա կա՝ չորս տարեկան, ի ծնե հիվանդ է։ Ամսի 25-ին պետք է տեղափոխվի Երևան։ Պայմանավորվել ենք մեքենաներ տրամադրեն, կարողանանք հասցնել մինչև Գորիս, որ երեխային տանեն հետագա բուժումները կազմակերպելու»։
Ավագյանը նշեց, որ չնայած գյուղում խուճապ չկա, սակայն հույսեր չունեն, իսկ մտահոգվելու առիթները շատ են։
«Նախկին վիճակին հասնելն էլ արդեն երազանք է դարձել։ Իրավիճակն իրոք շատ վատ է, պայթյունավտանգ է սահմանին։ Մենք պատրաստակամ ենք. Գորիսի ու շրջակա գյուղերի տղաներն էլ պատրաստ են արժանի հակահարված տալ, ուղղակի չգիտենք՝ ինչո՞ւ մինչև էսօր մեր անվտանգության հարցը չի լուծվում ու լուծված չէ։ Ամենամտահոգիչ խնդիրը անվտանգության խնդիրն է, թե չէ, գյուղացին երբեք սոված չի մնա, ամեն դեպքում աշնան վրա բոլորն էլ պադվալներում սնունդ ունեն կուտակած՝ կարտոֆիլ, թթու, լոբի, սովից չեն մահանա, անվտանգության խնդիրը պետք է լուծվի։ Ժողովուրդն իրենց անվտանգ չեն զգում։ Հույսն էլ չկա, չեմ էլ տեսնում»։
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիան, ըստ Ավագյանի իսկական պատերազմ էր, որից հետո էլ լուրջ քայլեր չեն նկատում։ Գորիսում էլ, համայնքի գյուղերում էլ կամավորները հավաքվել են, որ մեկնեն պաշտպանության, բայց օգնության չեն հասել.
«Հրաման չի եղել, ցուցում չի եղել, չգիտեմ, խնդիրներ է եղել, չեն մասնակցել, բայց բոլորը պատրաստ են եղել մեկնել՝ օգնելու մեր տղաներին»,-եզրափակեց Ավագյանը։