կարևոր
1411 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-20 15:49

Ղազանչիում տեղի է ունեցել Սուրբ Հովսեփ հայ կաթողիկե եկեղեցու խաչի օծման արարողությունը

Ղազանչիում տեղի է ունեցել Սուրբ Հովսեփ հայ կաթողիկե եկեղեցու խաչի օծման արարողությունը

Ղազանչիում, նոյեմբերի 20-ին, ձեռամբ Առաջնորդական Տեղապահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի և առընթերակայությամբ հայ կաթողիկե հոգևորականների տեղի ունեցավ նորակառույց Սուրբ Հովսեփ հայ կաթողիկե եկեղեցու խաչի օծման արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է եկեղեցու կառուցման պատասխանատու Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը եկեղեցին կառուցվել է հայ կաթողիկե եկեղեցու կողմից՝ գերմանական «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության ֆինանսական միջոցներով: «Եկեղեցու հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են, ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Պատերազմի պատճառով աշխատանքները որոշակի ժամանակահատված դադարեցված էին ու վերսկսվեցին այս տարվա ապրիլին: Նշեմ, որ մինչ այս, քանի որ գյուղը եկեղեցի չի ունեցել, բնակչները ժամերգությունների ու պատարագների մասնակցել են Երիտասարդական կենտրոնի սենյակներից մեկում»,-նշեց Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը: 2020 թվականի մայիսին մեկնարկած շինարարական աշխատանքներն ամբողջովին ավարտել նախատեսված է 2021 թվականի ավարտին:

Շիրակի մարզում այս պահին մնում է միայն 2 կաթողիկե համայնք, որոնք չունեն եկեղեցի՝ Հովտուն ու Սարագյուղ:

Ղազանչի գյուղը հիմնադրվել է 1857թ. Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Իրիցու գյուղից գաղթած հայերի կողմից: Բնակավայրը ուղիղ գծով հեռու է Վրաստանի սահմանից 7 կմ, իսկ Թուրքիայի սահմանից՝ 20 կմ: