Սլովենիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2։2 հաշվով ոչ ոքի ավարտեց դիմակայությունը Իսպանիայի թիմի հետ։
Գաբրիել Սարգսյանը միավորը կիսեց Ալեքսեյ Շիրովի, Հայկ Մարտիրոսյանը՝ Դավիդ Անտոնի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Խայմե Սանտոս Լատասայի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Իվան Սալգադո Լոպեսի հետ։
Հայաստանի եւ Իսպանիայի հավաքականները վաստակել են 10-ական միավոր։ Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը 3,5։0,5 հաշվով հաղթել է Բելգիայի, 2,5։1,5 հաշվով՝ Իսրայելի եւ Ֆրանսիայի թիմերին, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Նորվեգիայի, Գերմանիայի եւ Ադրբեջանի թիմերի հետ։
Իսկ կանանց Հայաստանի հավաքականը մրցեց սերբերի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։
Էլինա Դանիելյանն ու Սիրանուշ Ղուկասյանը վաստակեցին կեսական միավոր։ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ տարավ, Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեց։
Երկու թիմերն էլ ունեն 7 միավոր։ Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել էր Խորվաթիայի, 3։1 հաշվով՝ Բելգիայի եւ Լեհաստանի հավաքականներին, 1,5։2,5 հաշվով պարտվել էր Վրաստանի, Իտալիայի եւ Ուկրաինայի թիմերին։
Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։