կարևոր
1549 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-19 21:13

Արցախում հակահամաճարակային սահմանափակումները կխստացվեն

Արցախում հակահամաճարակային սահմանափակումները կխստացվեն

Պետական նախարարը խորհրդակցություն է անցկացրել «Covid-19»-ի իրավիճակի վերահսկման վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արցախի կառավարությունից:

«Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներին:

Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը սկզբում զեկույց է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության օպերատիվ իրավիճակի վերաբերյալ, որը ներառում էր համավարակի տարածման վիճակագրությունից մինչև բուժման ու հիվանդության կանխարգելման ընթացիկ աշխատանքներ: Միքայել Հայրիյանը, իրավիճակը խիստ մտահոգիչ համարելով, կանխատեսել է, որ հիվանդացության դեպքերը հանրապետությունում կշարունակեն կտրուկ աճել, եթե առաջիկայում խիստ միջոցառումներ չձեռնարկվեն:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն նոր սահմանափակումներ մտցնելու, այդ պայմաններում հանրապետության մուտքի կանոնակարգման, դասապրոցեսի կազմակերպման և երկրի կենսագործունեության այլ ոլորտներում անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքների իրականացման շուրջ:

Հաշվի առնելով համավարակի տարածման և գրանցված մահերի մտահոգիչ վիճակագրությունը՝ պետական նախարարը անբավարար է գնահատել առ այսօր իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը: Նա նշել է առաջիկա օրերին նոր սահմանափակումներ մտցնելու և խիստ կարգապահություն ապահովելու անհրաժեշտությունը, ինչը համավարակի տարածման կանխարգելման հարցում արդարացված քայլ է:

Արտակ Բեգլարյանը հատուկ ընդգծել է համավարակը միասնական ուժերով հաղթահարելու կարևորությունը, որի գլխավոր քայլերից են պատվաստումը և անվտանգության նվազագույն կանոնների պահպանումը: Պետական նախարարը հույս է հայտնել, որ Արցախում ևս կհետևեն զարգացած երկրների հասարակություններին ու հնարավորինս արագ կպատվաստվեն՝ պահպանելով առողջությունն ու վերականգնելով հանրապետության բնական կենսագործունեությունը:

Պետական նախարարը խորհրդակցության ավարտին մի շարք հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին՝ միջոցառումների պատշաճ կազմակերպման ու վերահսկողական մեխանիզմների արդյունավետ կիրառման ուղղությամբ»: