Եվրասիական միջկառավարական խորհրդի երեւանյան նիստի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը գործընկերներին դիմավորեց մարզահամերգային համալիրում:
Ընդլայնված կազմով նիստը բացելիս Նիկոլ Փաշինյանը կարճ անդրադարձավ Ադրբեջանի վերջին ագրեսիային, նշեց, որ հանդիպումն անցնում է մեր երկրի համար լարված իրավիճակում: Հետո խոսեց համաշխարհային պատուհասից: Կորոնավիրուսային համավարակի ֆոնին Նիկոլ Փաշինյանը կարեւորեց ԵԱՏՄ անդամ 5 երկրում ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցների ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը: Այս հարցը նաեւ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է:
Թեեւ քովիդով պայմանավորված սահմանափակումները բացասաբար էին ազդել տնտեսության շատ ճյուղերի ակտիվության վրա, Փաշինյանն ընդգծեց, որ այս տարի Հայաստանն արդեն արձանագրել է ԵԱՏՄ երկրների հետ առեւտրի եւ համագործակցության ծավալի աճի կայուն տեմպեր:
Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի պնդմամբ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները հինգ տարվա ընթացքում վերացրել են միության խոչընդոտների 80 տոկոսը: Վարչապետերն առանձնացրին նաեւ նիստի արդյունքներով ստորագրված 15 փաստաթղթից մեկը՝ ԵԱՏՄ շրջանակում վարկային պատմություններում ներառված տվյալների փոխանակման կարգի մասին: Սա թույլ կտա ԵԱՏՄ անդամ քաղաքացիներին վարկեր ստանալ բոլոր 5 պետությունում էլ, այսինքն՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում եւ Ղրղզստանում:
Միխայիլ Միշուստինն անհրաժեշտ համարեց ամեն ինչ անել՝ բացառելու Միասնական շուկայում ստվերային սխեմաների աշխատանքը: Ռուսաստանի վարչապետի կարծիքով վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ ապօրինի ապրանքների դեմ պայքարի գործուն մեխանիզմներից մեկը ապրանքների մակնշումն է:
Ի դեպ, մեր տեսախցիկն արձանագրեց, որ ամբողջ նիստի ընթացքում, երբ ելույթ էին ունենում մնացած 4 երկրի կառավարությունների ղեկավարները, Նիկոլ Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանն ակտիվ ինչ-որ հարց էին քննարկում, հեռախոսով ինչ-որ բան նայում: Միշուստինի ելույթի ընթացքում էլ աղմկում էին ղրղզները: Ռուսաստանի վարչապետը ընդհատեց ելույթը ու նկատողություն արեց գործընկերներին՝ ասելով, որ իր իսկ ձայնը չի լսում:
Նիստի արդյունքներն ամփոփելիս՝ Ղազախստանի վարչապետը վստահություն հայտնեց, որ ընդունված որոշումները կբարելավեն միության բնակիչների կյանքի որակը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2022-ի հունվարին՝ Ալմաթիում:
Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում: