կարևոր
553 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-19 20:05

Երևան-Կապան թռիչքները չեղարկվել են

Երևան-Կապան թռիչքները չեղարկվել են

«Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը, որը ներկայացրել էր քաղավիացիայի կոմիտեին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեիի մամուլի ծառայությունից:

Կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին «Նովէյր» ընկերությունը հայտ է ներկայացրել իրենց՝ Երևան-Կապան-Երևան երթուղով դեպի ՀՀ տարածք երկու և ավելի ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու վերաբերյալ:

Տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը պլանավորում էր թռիչքներ իրականացնել 2022 թվականի հունվարի 20-ից մինչև սեպտեմբեր 20-ը L410 տիպի օդանավով:

«Հայտնում ենք, որ կոմիտեի կողմից վերոնշված հայտին ընթացք չի տրվել, քանի որ ընկերությունը նոյեմբերի 16-ին գրությամբ խնդրել է չեղարկել հարցումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կոմիտեից տեղեկացրել են նաև, որ կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 18-ի հրամանով Կապանի «Սյունիք» օդանավակայանին տրվել է «աերոդրոմի սերտիֆիկատ», ինչը միջազգային չափանիշներին համապատասխան վկայում է օդանավակայանի՝ շահագործման պատրաստ լինելու մասին:

Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների մասին տեղեկությունը հայտնվեց նոյեմբերի 11-ին: Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները 44-օրյա պատերազմից և հայկական զորքերի դուրսբերումից հետո գտնվում են թռիչքուղուց մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:

Երևանից Կապան կարելի է հասնել 5-6 ժամում։ Խորհրդային տարիներին այստեղ կառուցվել են օդանավակայան և երկաթգիծ։ 90-ական թվականների սկզբից օդանավակայանը, ինչպես նաև Կապան քաղաքը, հայտնվել են ադրբեջանական ուժերի հրետակոծության տակ: 2017-ին, երբ այստեղ սկսեցին կապիտալ վերանորոգման աշխատանքները, թռիչքուղու վրա գտան չպայթած արկ։