կարևոր
259 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-19 20:52

Հայաստանը Ռուսաստանին գրավոր տեղեկացրել է, որ ընդունում է առաջարկը. բովանդակությունն անհայտ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանը գրավոր տեղեկացրել է Ռուսաստանին, որ ընդունում է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մասին վերջինի առաջարկը: Երբ որոշակի տեխնիկական հարցերի շուրջ ձեռք բերվի համաձայնություն, կձեւավորվի նաեւ համապատասխան հանձնաժողովը: Իշխող խմբակցության պատգամավորները տեղեկացնում են, որ սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից:  Թե ինչ է սա ենթադրում, չեն մեկնաբանում, բայց վստահեցնում են՝ ոչ թե ժողովրդից թաքուն են գործում, այլ, պարզապես, դեռ վաղ են համարում բովանդակության մասին խոսելը: 

Ընդդիադիրները, սակայն, գաղտնիությունը ոչ թե իշխանության խելացի մարտավարություն են դիտարկում, այլ ժողովրդի թիկունքում բանակցելու գործելաոճ: Այս համատեքստում էլ հիշեցնում են, որ Նիկոլ Փաշինյանը հակասական հայտարարություններ է արել. մեկ օրեր առաջ ասել է, որ չի պատկերացնում սահամանգծումը սահմանին, ուր կրակում են, մեկ էլ՝ ընդունում է սահմանների հստակեցման առաջարկը:  

Իշխանության ներկայացուցիչը դեռ չի շտապում նաեւ մեկնաբանել, թե արդյոք խորհրդարանում վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ակնարկել է տարածքների փոխանակման մասին: Հիշեցնեմ՝ Փաշինյանը, խոսելով Ադրբեջանի կողմից մեր տարածքի 41 քառ կմ-ը օկուպացնելու մասին, նաեւ փոխանցեց միջազգային հանրության խոսքերը, թե առաջին պատերազմից հետո Հայաստանի վերահսկողության ներքո են անցել Խորհրդային Ադրբեջանի տարածքները: Վերջինս նաեւ շեշտեց, որ իրենք ընդունում են միջազգային հանրության այդ ուղերձը: 

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն Արծվիկ Մինասյանը պետական դավաճանության մասին խոստովանություն է որակում: Ըստ Մինասյանի՝ Փաշինյանը դրանով Հայաստանին օկուպանտ է համարել, Ադրբեջանին՝ իրավատեր: 

Եթե Ադրբեջանն ու Հայաստանը շարունակեն գործել այնպես, ինչպես այժմ, ըստ Տիգրան Աբրահամյանի, այլեւս էական էլ չի լինի, թե Հայաստանի իշխանությունն ինչ մտադրություններ ունի. Ադրբեջանն ուժի կիրառմամբ կհասնի իր ուզածին, սահմանազատմանն ու սահմանգծմանն էլ հերթը չի հասնի:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: