20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Կոտայքի մարզի Քասախ համայնքում բնակիչները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ համայնքապետի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեմ։
Համայնքապետարանի դուռը փակ է, և այնտեղ ոստիկանական ուժեր են բերվել։ Բողոքի ակցիային մասնակից քաղաքացիներից մեկն իրենց պահանջը հետևյալ կերպ ձևակերպեց․
«Գործող մարզպետի կողմից եղել է օրենքին հակասող որոշում և ըստ իս, մարզպետը խտրականություն է դրսևորել՝ այստեղ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով ՔՊ-ականի։ Դրանով նա խախտել է և աշխատանքային օրենսգիրքը, և ՏԻՄ ընտրական օրենսգիրքը։ Ես զարմանում եմ վաղը մյուս օրը մարզպետը ո՞նց է այս ամենի տակից դուրս գալու։ Օրինակ՝ ՏԻՄ օրենքի 27-րդ հոդվածում հստակ նշված է, որ գյուղական համայնքներում նշանակում անում է մարզպետը, քաղաքայինում՝ վարչապետը։ Բայց հաշվի չեն առել հոդվածի 2․1 կետը, որով ասվում է, թե մեկ ամիս և ավելի ժամկետի դեպքում, եթե պաշտոնական պարտականությունները չեն կատարվում, այդ դեպքում մարզպետը կարող է նշանակում անել»։
Բնակչի խոսքով՝ նախկին համայնքապետի կավանավորումը քաղաքական հետապնդում է։
Բացի բնակիչներից համայնքապետարանի աշխատակիցները ևս այսօր բոյկոտել են աշխատանքները: Նրանք նույնպես դեմ են համայնքապետի նոր ԺՊ-ի նշանակմանը:
Աշխատակիցները հայտարարել են, որ գործող համայնքապետ Արա Մկրտչյանի փոխարեն, որը նոյեմբերի 10-ից գտնվում է կալանքի տակ, համայնքապետի ԺՊ է նշանակվել ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածու Արտակ Թովմասյանը։
Լրագրողների հետ զրույցում համայնքապետարանի աշխատակիցներից Նարեկ Մկրտչյանն ասել է, որ նոյեմբերի 8-ից Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը գտնվում է արձակուրդի մեջ, իսկ համայնքապետի կարգադրությամբ՝ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել հենց ինքը՝ Նարեկ Մկրտչյանը:
«Ըստ աշխատանքային օրենսգրքի՝ մինչև համայնքապետն արձակուրդից չվերադառնա, իր լիազորությունները չեն կարող դադարեցվել, հետևաբար չի կարող այլ պաշտոնակատար նշանակվել: Մենք զգուշացրել ենք մարզպետարանին, որ պաշտոնակատարի խնդիր չի առաջանա, համայնքապետարանի աշխատակազմն իր տեղում է, աշխատում է, ես պաշտոնավարում եմ, որևէ խնդիր չկա, իսկ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո՝ ի՞նչ կլինի, ո՞վ կկառավարի, դա խնդիր չէ»,-ասաց Նարեկ Մկրտչյանը, և հայտնեց, որ մարզպետին տեղեկացրել են, որ բոյկոտելու են աշխատանքը, քանի որ չեն ընդունում իրավական հիմքերից զուրկ այս որոշումը:
«Մենք խնդրեցինք, որպեսզի սա քաղաքական վեճի չվերածվի, թույլ տան մինչև ՏԻՄ ընտրությունները մեր համայնքապետարանը նորմալ սպասարկի ժողովրդին, իսկ ընտրություններից հետո՝ ով կընտրվի, մենք խնդիր չենք ունենա: Մարզպետն էլ ասաց՝ ոչ, արդեն որոշում կա, եթե դեմ են՝ թող բողոքարկեն, իսկ դա ժամանակատար է»,-ասաց Նարեկ Մկրտչյանը,և հավելեց՝ «սրանով ուզում են ցույց տալ, թե ՔՊ-ն իրավական «բեսպրեդելով» կարողանում է հարցեր լուծել»:
Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարը նոյեմբերի 10-ից կալանավորված է: