կարևոր
1483 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-19 19:26

Հայրենիքը և հայրենիքի գոյությունը բացարձակ արժեքներ են. ցանկացած հայ պետք է պատրաստ լինի ամենածայրահեղ զոհողության. Ասպրամ Կրպեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը որոշեց վերցնել «Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատը, որովհետև համարում է, որ մեր նորագույն պատմության ամենավճռորոշ շրջափուլում ենք:

«Սա, թերևս, ամենամեծ մարտահրավերն է մեր նորագույն պատմության, և չգործելը, որևէ կերպ ներգրավված չլինելը, իմ սկզբունքներն ու հավատամքը հասանելի չդարձնելը համարում եմ հանցավոր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա, ընդգծելով, որ մանդատը վերցնելով՝ պատասխանատվությունը կրկնապատկվել է:

Հարցին՝ «Հայաստան» խմբակցությունը պահանջում էր, որ Նիկոլ Փաշինյանը գա և սահմանային իրավիճակի հետ կապված պատգամավորների հարցերին պատասխանի. երեկ ինչո՞ւ չօգտագործեցիք այդ հնարավորությունը, նա պատասխանեց.

«Ես կխոսեմ իմ որոշման մասին. որևէ հարց չունեմ կոլաբորացիոնիստ վարչախմբի որևէ ներկայացուցչի: Ես իրենց համարել և համարում եմ պետական դավաճաններ, որոնք պետք է օր առաջ արդարադատության առջև կանգնեն: Նպատակը մեր հայրենիքը փրկելն է, իսկ այդ նպատակին հասնելու ճանապարհին անձամբ ինձ համար որևէ կարմիր գիծ չկա: Գիտե՞ք, երբ քո հերոսի օրինակը բացարձակ նվիրումի, բացարձակ անձնազոհության օրինակն է, քեզ համար այլ ընկալելի հայրենասիրության դրսևորում գոյություն ունենալ չի կարող: Ինձ համար հայրենիքը և հայրենիքի գոյությունը բացարձակ արժեքներ են, դա պաշտպանելու համար ցանկացած հայ պետք է պատրաստ լինի ամենածայրահեղ զոհողության: Եթե այդպես չէ, ուրեմն՝ մենք իրոք արժանի չենք պետականություն ունենալ, մենք պետք է մեզ պարտադրված քոչվորի կեցվածքը խոնարհաբար ընդունենք և ասենք՝ լավ, ինչ արած, քոչվորները եկան, մեր պատմական հայրենիքը դարձրին իրենց հայրենիք, մեզ էլ պատվիրակեցին լինել քոչվոր և սպասարկու: Ես որևէ իրավիճակում չեմ կարող այդ կարգավիճակի հետ հաշտ ապրել, սա տեսակի խնդիր է՝ կա՛մ մենք ենք, կա՛մ իրենք են»:

Ասպրամ Կրպեյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումն առաջին քայլն է.

«Առանց նրա հեռացման՝ անգամ փոքրիկ հույս չենք կարող ունենալ, որ վաղվա օրը կարող է լուսավոր լինել: Իր և իր հանցախմբի հեռացումը թույլ է տալու մեզ հող նախապատրաստել մեր հետագա քայլերի և հետագա նվաճումների համար»:

Պատգամավորի համար պայքարը որևէ անձի կամ խմբի համար չէ.

«Սա ի սկզբանե ինձ համար եղել է հայրենիքի, իմ արժանապատվության, իմ ժողովրդի արժանապատվության համար պայքար: Եթե դու պատրաստ չես հանուն ամենաբարձրի պայքարելու, ուրեմն էլ ինչո՞ւ ես ապրում»:

Մանրամասները՝ տեսանյութում: