կարևոր
607 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-19 18:43

Այ այսպիսի «պայքար կոռուպցիայի դեմ». բժշկին դատում են չունևոր քաղաքացիներին անվճար վիրահատելու համար

Այ այսպիսի «պայքար կոռուպցիայի դեմ». բժշկին դատում են չունևոր քաղաքացիներին անվճար վիրահատելու համար

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում վերսկսվել է Իջևանի բժշկական կենտրոնի տնօրեն Էդուարդ Գրիգորյանի դատավարությունը: Գրում է «Առավոտ»-ը

Գրիգորյանը մեղադրվում է, թե դեռևս 2009 – 2019 թվականներին ՀՀ ՊՆ զորամասում որպես զորամասի հրամանատար (բուժծառայության փոխգնդապետ) աշխատելու ժամանակ խախտել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 1-ին կետի պահանջները, և առանց հաստատված գնացուցակի՝ Տավուշի մարզի մի շարք բնակիչների անվճար վիրահատական բուժօգնություն է ցուցաբերել: Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը առանց 200.000 ՀՀ դրամ գումար գանձելու, վիրահատել է Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակչին, ինչպես նաև անվճար վիրահատել է նաև Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակչին, Նավուր գյուղի բնակչին և Վազաշեն գյուղի բնակչին, ինչի արդյունքում բժիշկը զինհոսպիտալին պատճառել է ընդհանուր 670.000 ՀՀ դրամ գումարի վնաս:

Էդուարդ Գրիգորյանը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղսագրված արարքը կատարել է այն պատճառով, որ հիվանդները վճարունակ չեն եղել, և որ իր անձնական միջոցների հաշվին վերականգնել է պետությանը պատճառած վնասը` 670.000 ՀՀ դրամը: Գործով դատավոր Մելքոնյանը 2019 թվականին որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը դադարեցնել՝

Սակայն դատարանի որոշումը Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալ Արտակ Ավետիսյանը բողոքարկել է և 2020թ․ փետրվարի 21-ին վերաքննիչ դատարանը որոշել է մասնակի բավարարել բողոքը և Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Մեդիա փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է. «քրեական գործը հարուցելուց հետո մարդը «պետությանը պատճառած վնասը» վերականգնել է (այսինքն չունևորների վիրահատության գումարն իր գրպանից վճարել է բյուջե)։ Գործը կարճել են։ Բայց չէ, դատախազությունը ստիպել է, որ գործը վերաբացվի ու հիմա շարունակում են դատել։ Այ այսպիսի «պայքար կոռուպցիայի դեմ», հայե՛ր ջան»։