«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն՝ Գիորգի Գոգիան, անդրադառնալով՝ նոյեմբերի 16-ին ՀՀ տարածք ներխուժման արդյունքում՝ Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների գերեվարմանը, հիշեցրել է, որ ռազմագերիների նկատմամբ բռնությունը ռազմական հանցագործություն է։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Նոյեմբերի 16-ի մարտերից հետո, որոնք ամենասաստիկն էին Արցախյան երկրորդ պատերազմից հետո, Ադրբեջանն առնվազն 13 հայ զինծառայողի է գերեվարել։ Սոցցանցերում հրապարակված բազմաթիվ տեսանյութերում երևում է, որ ադրբեջանական ուժերը դաժան և ստորացուցիչ վերաբերմունք են ցուցաբերում գերեվարվածների հանդեպ։ Ռազմագերիների նկատմամբ բռնությունը ռազմական հանցագործություն է»,- ասվում է գրառման մեջ։
Նա նշել է, որ «զազրելի տեսանյութերը», որոնք դեռ չեն հաստատվել անկախ աղբյուրների կողմից, վկայում են «հայ գերիներին ծեծի ենթարկելու հրմշտելու, ինչպես նաև՝ նրանց նվաստացնելու մասին։
«Ըստ Ժնևի կոնվենցիայի, ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված անձանց պետք է տրվի ռազմագերու կարգավիճակ, և նրանք պետք է հետ վերադարձվեն մարտական գործողություններից հետո։
Ադրբեջանը պետք է հետաքննի գերիների հանդեպ բոլոր չարաշահումները և պատասխանատվության ենթարկի մեղավորներին։ Հատկապես, որ որոշ զինծառայողներ հպարտությամբ են կատարում այդ գործողությունները և, նույնիսկ, չեն թաքցնում իրենց դեմքերը։ Ադրբեջանը նաև պետք է հարգի՝ գերիներին խոշտանգելու և նվաստացնելու արգելքը»,- գրել է «HRW»-ի միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրենը։