կարևոր
439 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-19 15:40

Փաշինյանի հայտարարությունը ճիշտ մեսիջ չէր, և պահը ճիշտ չէր ընտրված. Սիրանույշ Սահակյան

Փաշինյանի հայտարարությունը ճիշտ մեսիջ չէր, և պահը ճիշտ չէր ընտրված. Սիրանույշ Սահակյան

«Ընդհանրապես, առնչություն չունի, թե ինչ պայմաններում է անձը գերեվարվել, պետության պատասխանատվությունը բոլոր դեպքերում նույնն է։ Փաշինյանի խոսքի ենթատեքստն այն էր, որ առանձին գերեվարման դրվագներ բացահայտում են ինքնակամ գերի ընկնելու փաստը, որը քրեորեն դատապարտելի արարք է»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց՝ Եվրադատարանում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան՝ Սիրանույշ Սահակյանը։

Սահակյանի խոսքով՝ ինքնակամ գերի ընկնելը զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություն է, սակայն նշանակություն ունեն ներպետական գործընթացները․ գերու հայրենադարձությունից հետո նա կարող է հետապնդվել այդ արարքի համար։

«Միջազգայնորեն գերեվարման հանգամանքները որևէ նշանակություն չունեն, և պետությունը նույն ջանքերը պետք է գործադրի հայրենադարձելու համար»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք պետության ղեկավարի մակարդակով նման հայտարարություն անելը միջազգային հարթակներում չի խոչնդոտո՞ւմ գերիների շահերի պաշտպանությանը, Սահակյանը պատասխանեց․

«Այդ հայտարարությունը մեր գործընթացին չի խանգարի, բայց դա բարոյահոգեբանական տեսանկյունից ճիշտ մեսիջ չէր, և պահը ճիշտ չէր ընտրված։ Նախկինում հայրենադարձված գերիները հարցաքննվել են, և քրեական գործերի շրջանակում՝ քննության առարկա են դարձել նրանց գերեվարման հանգամանքները։ Նոր հայտարարել, որ դրանք պետք է քննվեն, երբ արդեն իսկ քննության առարկա են, տեղին չէ։ Այդ հանգամանքը կարող է շահարկել Ադրբեջանը։

Ադրբեջանցիները հայ զինծառայողներին հոգեբանորեն ճնշելու տեսանկյունից բազմիցս նշել են, որ պետությունն իրենցով հետաքրքրված չէ, ջանասիրություն չի դրսևորում, և միևնույնն է, թե որ պահին կհայրենադարձվեն նրանք՝ մեկ ամսից, թե՝ երկու»։

Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը, եթե համակցի այդ հայտարարությունը, զինծառայողներին ներկայացնելու են Հայաստանում հետապնդվելու տեսանկյունից։ Դա կարող է խոչնդոտել նրանց հայրենադարձմանը, և հնարավոր է՝ քննարկման առարկա դառնա երրորդ երկիր հանձնվելու հանգամանքը, և մեր տղաները սուտ քրեական հետապնդման սպառնալիքների ներքո որոշեն՝ ոչ թե վերադառնալ հայրենիք, այլ փոխանցվել երրորդ երկիր, ինչը տարրաբնույթ խնդիրներ է ստեղծում։