կարևոր
433 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-19 13:05

Իրականում ինչի՞ շուրջ է եղել ռազմական գործողությունների դադարեցումը. Տիգրան Աբրահամյան

Իրականում ինչի՞ շուրջ է եղել ռազմական գործողությունների դադարեցումը. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ նոյեմբերի 16-ի Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո՝ կրակի դադարեցման պայմանավորվածությամբ էլ, իրավիճակն ամբողջությամբ հանգուցալուծված չէ, լարվածության օջախը մարված չէ: Այս մասին Տիգրան Աբրահամյանը ասել է ԱԺ ճեպազրույցներում:

Անդրադառնալով Ադրբեջանի վերջին ագրեսիային՝ Տիգրան Աբրահամյանը նշել է. «Նախ պետք է հասկանալ պատճառները, թե ի՞նչ իրավիճակում տեղի ունեցավ այս նոր ագրեսիան, և Ադրբեջանն իրականում ի՞նչ խնդիր էր դրել իր առջև: Երկրորդ կարևոր հանգամանքը, որ պետք է հասկանալ, այն է, թե իրականում ի՞նչ նոր սպառնալիքներ է ստեղծվել ՀՀ-ի համար»:

Նա շեշտեց՝ պետք է հասկանալ նաև, թե ինչո՞ւ այդ գործողություններից 2-3 օր հետո՝ մոտ 2 տասնյակ զինծառայողների մասին որևէ տեղեկություն չկա:

Աբրահամյանը բավականին մտահոգիչ համարեց ադրբեջանական տարբեր տելեգրամյան ալիքներում հրապարակվող տեսանյութերը՝ հայ զինծառայողներին բռնությունների, խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ: «Նրանց ֆիզիկական գոյության առումով այսօր մենք ունենք բավականին խնդրահարույց իրավիճակ: Անկախ այն հանգամանքից, թե նրանք ինչ հանգամանքներում են անհետ կորել կամ գերեվարվել, մեր գլխավոր խնդիրը, որպես ՀՀ, պետք է լինի այդ մարդկանց հրատապ ձևով հայրենադարձումը: Դրանից հետո, թե ինչ ընթացակարգեր կլինեն, արդեն օրենքով սահմանված են»,- ասել է Աբրահամյանը:

Պատգամավորը նշել է նաև, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների դադարեցումից հետո, իր մեջ մտահոգություն է առաջացել, թե ի՞նչ գին է ունենալու դա: «Իրականում ինչի՞ շուրջ է եղել ռազմական գործողությունների դադարեցումը»:

Աբրահամյանը չի կարծում, թե իրավիճակը ամբողջությամբ հանգուցալուծված է, լարվածության օջախը, որը եղել է մինչև այս գործողությունների ծավալումը, դեռևս մարված չէ: «Այս պահին եղած իրավիճակը ոչ միայն շարունակում է բարձր ռիսկեր պարունակել նոր զարգացումների առումով, այլ՝ քաղաքական և բանակցային առումով էլ որոշակի հարցերի տեղիք է տալիս»:

Ըստ նրա՝ անելիքներ կան դաշնակից պետությունների հետ՝ ագրեսիայի հավանականությունը նվազեցնելու առումով: Պատգամավորը շեշտել է նաև, ըստ էության, ՀՀ-ն մեծ անելիքներ ունի անվտանգային իր բաղադրիչի վերականգնման առումով: