կարևոր
454 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-19 12:25

ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը. ՔՊ-ականները հայտարարեցին զրոյական կետից նոր բանակցություններ սկսելու մասին

ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը. ՔՊ-ականները հայտարարեցին զրոյական կետից նոր բանակցություններ սկսելու մասին

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել էր. «Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին տեղեկացրեց, որ սահմանազատման փուլի նախապատրաստման վերաբերյալ առաջարկներ են ստացվել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։ 20 ժամ անցել է այդ հայտարարությունից, ենթադրում եմ, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահը գոնե տեղյակ կլինի, թե ինչ բովանդակությամբ աշխատանքներ են դրանք, կամ եթե չի ուզում խոսել բովանդակության մասին, գոնե մոտավորապես պատկերացնո՞ւմ եք, թե ինչի մասին է  խոսքը»։

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց.  «Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին։ Եվ Հայաստանի Հանրապետությունը տվել է իր համաձայնությունը այդ աշխատանքերի սկզբին մասնակցելու համար»։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մեկ այլ ՔՊ-ական նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ ավելացրեց, որ համաձայնության մասին գրավոր ծանուցվել է ռուսական կողմին, երբ տեխնիկական հարցերի շուրջ ձեռք բերվի համաձայնություն, Հայաստանը պատրաստ է ձևավորել հանձնաժողով ու անցնել բուն աշխատանքներին։

Հիշեցնենք, որ Կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «2021թ. մայիսից ի վեր Հայստանի և Ադրբեջանի սահամանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել ՌԴ-ի կողմից և երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ»։ Նա նաև ասել էր, որ ԱԺ-ում իր հայտարարությունից հետո ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով:

Ընդունելի համարվող առաջարկների բովանդակությունը գաղտնի է մնում: Մոտ տասն օր առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում դժվար էր պատկերացնում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը սահմանին, որտեղ ամեն օր կրակոցներ են: Իսկ նոյեմբերի 16-ին, հիշեցնեմ, թշնամին հարձակվել է Հայաստանի վրա ու շարունակում է գտնվել մեր տարածքում: