կարևոր
634 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-19 11:44

Դատարանը քննում է 10-ի գործը. հայհոյա՞նք, թե՞...

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը փորձում է պարզել՝ արդյոք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանին, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը և Նարեկ Մանթաշյանն են եղել ՀՀ գլխավոր դատախազության առջև «Բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյոք այդ բնորոշումը համարվո՞ւմ է խուլիգանություն:

Դատարանում են հայտնվել ապրիլի 22-ին Դատախազության դիմաց խաղաղ հավաք իրականացնողները: Նրանք, ի շարս հազարավոր այլ քաղաքացիների, ՀՀ գլխավոր դատախազության դեմ բողոքի ակցիա էին իրականացնում Սյունիքում իրավական ամենաթողության ու տասնյակ սյունեցիների բերման ենթարկելու դեմ։

«Մենք գործ ունենք կարծիք արտահայտելու հետ: Այստեղ հստակ բողոք, կարծիք արտահայտել է, որը որևէ կերպ խուլիգանություն համարվել չի կարող: Սա ակնհայտ քաղաքական դատավարություն է։ Մենք գործ ունենք  կարծիք արտահայտելու համար մարդկանց պատասխանատվության ենթարկելու փորձի հետ։»,- նշում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: 

«Եթե մենք խաղաղ ակցիայի, խաղաղ բողոքի հետ կապված խուլիգանության հանցակազմ ենք տեսնում, նշանակում է, որ ցանկացած մարդ, ով կոշտ է արտահայտվում խուլիգանություն է անում»,-ասաց փաստաբանը։ 

«Սա ուղղակի փորձ է հանրությանը ցույց տալու համար, թե ընդամենը մի քանի հոգի խուլիգանություն են անում, բայց սա բողոքի մեր արտահայտումն է իշխանության իրականացրած հակահայկական քաաղքականության դեմ»,- ասում է գործով անցնող ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը 

«Մի բան հստակ է. անկախ դատավարության արդյունքից, թե ես, թե ընկերներս չենք նահանջելու, քանի որ գործել ենք ու շարունակելու ենք գործել հանուն մեր երկրի, մեր արժանապատվության և մեր արժեքների»,- ասում է գործով անցնող Տարոն Մանուկյանը։ 

Բագրատ Եսայանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ չի հասկանում, թե ինչու է ներգրավված սույն գործով, մեղքի որևէ անհատականացում չկա, պարզապես՝ մեկ ոստիկան քրեական գործի հարուցումից ամիսներ անց հիշել է, թե տեսել է իրեն՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հայհոյանք վանկարկելիս։

Նրա փոխանցմամբ՝ 79 էջանոց մեղադրական եզրակացությունում հիմնականում նշված է, թե իբրև ինքը գոռացել է մի արտահայտություն, մինչդեռ, Եսայանը նշեց, որ սովորություն չունի հասարակության մեջ նման արտահայտություններ անելու, ինքը չի գոռացել, բայց դա չի նշանակում, որ ինքը համաձայն չէ այդ գնահատականի հետ։ Բացի այդ՝ Եսայանը գտնում է, որ պետք է պարզել՝ արդյո՞ք վանկարկումն իսկապես սեռական բնույթի հայհոյանք է, թե ոչ, հետևաբար, հետագայում Եսայանը կմիջնորդի՝ բանասերներ որպես փորձագետ ներգրավելու մասին։

Դատական նիստը հետաձգեց մեղադրվողներից մի քանիսի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 8-ին, ժամը՝ 11.30-ին։