կարևոր
229 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-18 22:57

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Կիպրոսի և Հունաստանի իր գործընկերների հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Կիպրոսի և Հունաստանի իր գործընկերների հետ

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցներ է ունեցել՝ Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական հերթական ագրեսիային նախորդել են Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և ուժի կիրառման սպառնալիքները, այդ թվում ուժով «միջանցք բացելու» ապօրինի հայտարարությունները, հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը: Նա շեշտել է տարածաշրջանային կայունությունը վտանգող ադրբեջանական սադրիչ գործողություններին հստակ և հասցեական արձագանքի կարևորությունը:

Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ զրույցի ընթացքում ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Արցախի Հանրապետության հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:

Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների քննարկման ընթացքում կարևորվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձումը, ինչպես նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովումը:

Իսկ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ զրույցում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է Ադրբեջանի վերոնշյալ վարքագծի ու գործողությունների վերաբերյալ պատշաճ ու հասցեական արձագանքի կարևոր դերակատարությունը՝ ադրբեջանական կողմի հետագա սադրանքների զսպման և իրավիճակի լիցքաթափման գործում:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել Արցախի Հանրապետության հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնել էինք,որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ