կարևոր
322 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-18 20:43

Փաշինյանն, ըստ էության, խոսել է տարածքների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սահմանազատման եւ սահմանագծման Ռուսաստանի երեք առաջարկը ընդունելի համարելու մասին Փաշինյանի նախօրեի հայտարարությունից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այդ գործընթացների նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկներ է արել, որոնք նույնպես ընդունելի են Հայաստանի կառավարության համար:

Ընդունելի համարվող առաջարկների բովանդակությունը գաղտնի է մնում: Մոտ տասն օր առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում դժվար էր պատկերացնում դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը սահմանին, որտեղ ամեն օր կրակոցներ են: Իսկ նոյեմբերի 16-ին, հիշեցնեմ, թշնամին հարձակվել է Հայաստանի վրա ու շարունակում է գտնվել մեր տարածքում: 

Դեռ սեպտեմբերի սկզբին ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարարն էլ սահմանազատումն ու սահմանագծումն իրատեսական էր համարել միայն մեր ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքի դուրսբերման դեպքում: Մայիսի 12-ից ի վեր թշնամին մեր տարածքում առաջ է եկել 41 քառ կմ: Այս թիվն առաջինը հնչեցրեց Աժ արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նախագահը նոյեմբերի 16-ին՝ Հայաստանի արեւելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի հարձակման մասին լուրի պաշտոնական հաստատումից կարճ ժամանակ առաջ:

Նախօրեին՝ խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ, Փաշինյանը վստահեցրեց, որ վերջին հարձակման հետեւանքով այդ թիվը չի փոխվել: Նիկոլ Փաշինյանը, հղում անելով միջազգային հանրությանը, ըստ էության խոսեց տարածքների փոխանակման մասին:

Եթե մենք ասում ենք, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները, միջազգային հանրությունն էլ, ըստ Փաշինյանի, ասում է՝ տարածքներ էլ կան, որոնք չպետք է լինեին ձեր վերահսկողության ներքո, բայց ձեր վերահսկողության ներքո են: Միջազգային հանրության այս ուղերձը Փաշինյանն ընդունում է եւ հիշեցնում, որ դեռ մայիսին պատրաստ էր ստորագրել իր սեղանին դրված փաստաթուղթը, բայց դրան խանգարեց ներքաղաքական աղմուկը:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։