կարևոր
1576 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-18 19:44

Հաստատված 13 գերի կա, որոնցից մեկը վիրավոր է. Բորիս Ավագյան

Հաստատված 13 գերի կա, որոնցից մեկը վիրավոր է. Բորիս Ավագյան

«Բաքվում գտնվում է մեկ վիրավոր հայ զինծառայող, որը վիրահատության կարիք ունի: Որքան գիտեմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորին վիրահատել, առողջական վիճակը կայունացնել, որպեսզի թույլատրելի լինի նրա տեղափոխումը։ Ադրբեջանական կողմը խոստացել է ռուսական կողմին վերադարձնել զինծառայողին»,- այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է գնդապետ Բորիս Ավագյանը։

Ավագյանը նշեց, որ ռուսական կողմի միջնորդությամբ լուրջ աշխատանքներ են գնում, հույս ունի, որ դրական ավարտ կունենա։ «Հաստատված 13 ռազմագերու վերադարձի վերաբերյալ գնում է բանակցություն, որ նրանց տուն վերադարձնեն և աշխատանք է գնում՝ 24 անհայտ կորած զինծառայողի վերաբերյալ, որ հայտնաբերվեն և տուն վերադարձվեն»։

Նոյեմբերի 17-ին Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխել նոյեմբերի 16-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։ Փորձեցինք տեղեկանալ, արդյոք նահատակված զինծառայողը գերիների, թե անհետ կորածների ցուցակում էր, Ավագյանը նշեց.

«Մինչև նրան վերադարձնելը ցուցակը դեռևս կազմված չէր։ Մուրադովը վերադարձել Բաքվից և նոր է կազմել այդ ցուցակը»։ Դիտարկմանը, թե ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ էր հաղորդել անհետ կորածների և գերիների թիվը, Ավագյանը նշեց, որ կարծում է՝ ՀՀ ՊՆ-ն ավելի շատ տեղեկատվություն ստանում է գեներալից, քան տեղեկատվություն տրամադրում։

«Հաստատված 13 գերի կա. 12-ը վիրավոր չեն, մեկը վիրավոր է։ Նրան բուժօգնություն է տրամադրվել Բաքվում։ Մեկ զինծառայողի աճյունը վերադարձրել է գեներալ Մուրադովը։ Մեկը հայտնաբերել է գնդապետ Գորինը, որը այնտեղ աշխատում է, ադրբեջանական կողմը հաստատել է, որ նրանց աճյուններն իրենց մոտ է և խոստացել են տրամադրել»,- ասաց Բորիս Ավագյանը։