կարևոր
223 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-18 18:54

Շատ հարցեր մնում են չլուծված, բայց ռազմական լուծում չի կարող լինել․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Շատ հարցեր մնում են չլուծված, բայց ռազմական լուծում չի կարող լինել․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Միացյալ Նահանգները մեծ կարևորություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի, դեսպան Իգոր Խովաևի, դեսպան Բրայս Ռոքֆոյի և դեսպան Անջեյ Կասպրշիկի շարունակական աշխատանքին։  ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում այս մասին հայտարարել է կառույցում ԱՄՆ գործերի հավատարմատար Քորթնի Օվսթրիանը:

Նա նշել է, որ հանձնառու են օգնել կողմերին արցախյան հակամարտության համապարփակ լուծումներ գտնելու հարցում:

«2020 թվականի նոյեմբերին Մշտական ​​խորհրդում Ձեր վերջին ելույթից հետո իրավիճակը տեղում կայունացել էր, բայց մնում էր փխրուն։ Այս շաբաթն ընդգծեց այդ փխրունությունը: Մենք ցավում ենք, որ հայկական և ադրբեջանական զորքերը բախվել են, և որ այս բռնությունը հանգեցրել է զոհերի։ Այս վերջին իրադարձությունները նոր հրատապություն են հաղորդում համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը։

Մենք կոչ ենք անում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին պահպանել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, ինչպես նաև զերծ մնալ հրահրող հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և կամ հայտարարություններից։

Մենք խրախուսում ենք կողմերին հիմնվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ շարունակելով անմիջական երկխոսությունընպատակ ունենալով նպաստել տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Մենք նաև կոչ ենք անում կողմերին հետաքննել մարդու իրավունքների ոտնահարման և միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։

Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ դեսպան Կասպրշիկին՝ նշելով, որ կարևորում են թիմի ջանքերը՝ նպաստելու կողմերի միջև վստահությանը և թափանցիկությանը: «Այս աշխատանքն անփոխարինելի է և ունի մեր լիակատար աջակցությունը»։

«Հակամարտության համատեքստում շատ հարցեր մնում են չլուծված, բայց ռազմական լուծում չի կարող լինել: Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել կողմերի հետ՝ գտնելու կայուն և խաղաղ լուծում՝ հիմնված բոլոր մասնակից պետությունների կողմից ճանաչված ուժի չկիրառման կամ սպառնալիքի, տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա, ինչպես ընդունված է Հելսինկյան եզրափակիչ ակտում»,- ամփոփել է Քորթնի Օվսթրիանը։