Գյումրու ավագանու արտահերթ նիստում «Բալասանյան դաշինք» սոցիալական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև կնքված համագործակցության հուշագրի համաձայն՝ ՔՊ–ն ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալների իր թեկնածուներին։
Ավագանու անդամները համայնքի ղեկավարի տեղակալներ ընտրեցին «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության անդամներ 40-ամյա Արթուր Պապիկյանին և 39-ամյա Դավիթ Առուշանյանին։
Արթուր Պապիկյանը Պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է։ վերջին տարին աշխատել է Պաշտպանության նախարարության Գյումրու ռազմական ավիացիայում։
Իսկ Դավիթ Առուշանյանը տուրիզմի ֆեդերացիայի անդամ է, Կառավարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով՝ ներգնա տուրիզմի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար։
Կողմ քվեարկեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական խմբակցության ավագանու ներկա անդամները։
Որոշման նախագծին դեմ քվեարկեցին «Ապրելու երկիր» և «Զարթոնք» ազգային քրիստոնեական խմբակցությունների 5, ձեռնպահ` Հայաստանի հանրապետական կուսակցության 2 անդամը։
Հիշեցնենք, որ «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբերի 30-ին համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որի համաձայն համատեղ ստանձնում են Գյումրի քաղաքի կառավարման պատասխանատվությունը: Հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետ կընտրվի «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից: