Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավերը Աֆղանստանից տարհանում են ավելի քան 380 մարդ:
Նոյեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարությամբ Չկալովսկի օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երեք օդանավ է մեկնել Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն՝ Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Բելառուսի, Ղրղզստանի և Հայաստանի, ինչպես նաև Ուկրաինայի և Աֆղանստանի ավելի քան 380 քաղաքացու տարհանելու նպատակով: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Ռուսական ռազմատրանսպորտային օդուժի ԻԼ-76 ինքնաթիռները իրենց հետ ավելի քան 36 տոննա մարդասիրական բեռ են տարել:
Գործողությանը մասնակցող ռուսական բոլոր օդանավերում բավարար չափով խմելու ջրի, ծածկոցների և անհատական սննդաբաժինների պաշար կա:
Նշենք, որ Ռուսական կողմն Աֆղանստանից Հայաստանի երկու քաղաքացու է տարհանելու։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։