կարևոր
637 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-18 17:03

Ո՞վ դատվեց չկրակելու համար, գոնե մեկ քրգործ կա՞ հարուցված այդ մասով, խճճվել է իր ստերի մեջ. Վահե Հակոբյան

Ո՞վ դատվեց չկրակելու համար, գոնե մեկ քրգործ կա՞ հարուցված այդ մասով, խճճվել է իր ստերի մեջ. Վահե Հակոբյան

Ադրբեջանցիները Սև լճի հատվածն օգտագործեցին որպես «պլացդարմ», հետո այդտեղից էլ առաջացան, վերջին իրադարձություններից հետո՝ Սև լճից առաջ են եկել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, որը երեկ մեկնել էր Սյունիք:

Ըստ Հակոբյանի՝ ադրբեջանցիները ցանկանում են իրենց կողմից զավթված Քարվաճառը՝ Սյունիքով կապել Նախիջևանի հետ. «Եթե քարտեզով նայենք՝ դա մեր երկրի ամենանեղ հատվածն է, որը միացնում է Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ զավթած Քարվաճառը և Նախիջևանը, այսինքն՝ ուզում են դեպի Նախիջևան ճանապարհ ստանալ»,-ասաց նա:

Պատգամավորի հաղորդմամբ՝ արևելյան հատվածում սահմանային վերջին լարվածությունից հետո՝ հայկական կողմը Սյունիքում դիրքային կորուստներ ունի հենց այն հատվածներում, որտեղից ադրբեջանցիները ներխուժել էին դեռևս մայիսին:

Թեև ՊՆ-ն հաստատել էր Սյունիքում երկու մարտական դիրքի կորստի մասին, սակայն պատգամավորի հաղորդմամբ՝ հենակետային կորուստներն ավելի շատ են: Վահե Հակոբյանի արձանագրմամբ՝ թշնամին դիրքեր գրավելով՝ ստանում է իր համար Սյունիքով միջանցքը, ինչի մասին խոսում է. «Ընդ որում, այս տեմպով եթե շարունակվի, այդ միջանցքը լինելու է երկու տեղով՝ Սիսիանի հատվածով, Անգեղակոթ, Շաղատ գյուղերով դեպի Իշխանասար, որը հատում է Գորիս- Կապան ճանապարհը, իջնում է Անգեղակոթ, Շաղատ և մտնում Նախիջևան: Երկրորդ հատվածը՝ Զանգելանից դեպի Օրդուբադ՝ էլի Սյունիքով »,-ասաց Վահե Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և գերիների թվին՝ Վահե Հակոբյանը նշեց, որ հստակ տվյալներն չունի, միևնույն ժամանակ ասաց, որ ո՛չ Գորիսի, ո՛չ Սիսիանի հոսպիտալներում վիրավորներ չկան. «Սա ի՞նչ է նշանակում՝ կամ գերեվարվել են, կամ զոհվել են»,-ասաց նա:

Երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ըստ էության մեղադրեց գերիներին՝ գերի ընկնելու մեջ և հայտարարեց, որ պետք է գերի ընկնելու բոլոր դեպքերն ուսումնասիրվեն: Վահե Հակոբյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այլևս ունակ չէ լուծել գերիների հարցը, ուստի փորձում է մեղքը բարդել գերիների վրա.

«Ակնհայտ է, թե Նիկոլ Փաշինյանն իր խմբակով գերիների հարցը ո՞ւր է փորձում տանել: Ունակ չլինելով այս հարցը լուծել՝ իրենք փորձում են արժեզրկել, ուզում են ցույց տալ՝ գերիներն են մեղավոր, որ գերի են ընկել, հիմա նրանց վրա դավաճանի պիտակ կկպցնեն, ինչ է թե գերիների խնդրից ազատվեն: Էլ ի՞նչ անի այս մարդը, որ հասկանան՝ սա պատուհաս է մեր ազգի գլխին»,-ասաց Հակոբյանը և հավելեց.

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ չկրակելու հրաման երբևէ չի եղել, քանի որ դա դիտվել է դավաճանություն, այդ դեպքում հարց՝ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժն անարգել մտավ մեր սուվերեն տարածք և ամրապնդվեց՝ ո՞վ դատվեց չկրակելու համար, գոնե մեկ քրգործ կա՞ հարուցված այդ մասով: Այնքան է սուտ խոսել, որ ինքը խճճվել է իր ստերի մեջ»:

Վահե Հակոբյանը նաև ահազանգեց, որ Սյունիքում հայաթափման վտանգ կա, քանի որ բնակիչների մոտ տագնապային և անորոշ վիճակ է. «Հասարակության մոտ տագնապային վիճակ է, քանի որ չգիտեն՝ վաղն ի՞նչ է լինելու: Կապանում կան գյուղերը, որոնք կտրված են հիմնական ճանապարհից: Այդտեղ ապրում է շուրջ 600 հոգի, նորմալ գործող գյուղեր են: Ժամանակի ընթացքում այդտեղի բնակիչները դուրս են գալու իրենց բնակավայրերից, իսկ գյուղերը հայաթափվելու են»,-ասաց Վահե Հակոբյանը: